Հայաստանում քաղաքացիները քիչ-քիչ դառնում են պահանջատեր և վերջապես սպառողի վարք են դրսևորում: Դրա մասին են վկայում թեժ գծին ստացվող զանգերը խախտումների վերաբերյալ՝ ասում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը: Բայց դա էլ դեռևս քիչ է, որպեսզի սպառողները հստակ պաշտպանված լինեն անպատասխանատու տնտեսվարողներից:
Գեորգի Ավետիսյան (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար) - Յուրաքանչյուր սպառող, որը մեզ հետ համագործակցում է, ուրախանում ենք, որ ունենք ևս մեկ գործիք՝ ոլորտը վերահսկելու համար:
Միայն անցած տարի քաղաքացիների բողոքների հիման վրա վերահսկողությունը 30 տոկոսով ավելացել է. պլանային 1000 ստուգման փոխարեն 1300-ն է արվել, ինչը արդյունք է տվել՝ ասում է Գեորգի Ավետիսյանն ու տեղեկացնում՝ վաղվանից տեսչական մարմինը վերհսկողություն կիրականացնի ռիսկի գնահատման հիմնա վրա, որը ավելի թիրախային ու արդյունավետ կլինի:
Գեորգի Ավետիսյան - Գիտական կենտրոնը գիտական հետազոտությունների հիման վրա իրականացնում է ռիսկի գնահատում ու տալիս է ռիսկը մեզ, ու մենք կառավարում ենք ու հաղորդակցում ենք ու նվազեցնում ենք ռիսկի ազդեցությունը հանրության առողջության վրա:
Ամենառիսկայինը շարունակում է մնալ կենդանական ծագման մթերքը. խնդրահարույցը՝ մսի վաճառքը: Այստեղ չի օգնում նույնիսկ 2020-ից գործող՝ բացառապես սպանդանոցային մորթի պահանջը: Ավետիսյանի խոսքով՝ դեռևս կան խմբեր, որոնք տարբեր մեխանիզմներով խաբում են թե՛ տեսչական մարմնին, թե՛ սպառողներին: Այժմ մշակվում է իրավական դաշտը, որպեսզի վերահսկումը ավելի խիստ լինի, իսկ փողոցային առևտուրը վերջանականապես արգելվի: Ոլորտի պատասխանատուն ևս մեկ անգամ հիշեցնում է՝ մսի մորթից ընդամնեը 2 ժամ անց դիակային ցուպիկներ են առաջանում, եթե միսը սառցարանում չի պահվում:
Գեորգի Ավետիսյան - Ես ասել եմ. էն մարդիկ, որոնք փողոցից գնում են միս, իրանք սեփական անձն ու ընտանիքին չեն հարգում: Դա մեր ամենամեծ գլխացավանքն ա:
Մակնշման, սխալ թարգմանության, պիտանիության ժամկետի բացակայության և այլ խախտումների հայտնաբերման դեպքում տնտեսվարողը տուգանվում է 100-300 հազար դրամի սահմաններում, բայց փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ վախենում են իրենց խախտման մասին հրապարակումներից: Անհրաժեշտ է գործիքը ավելի կիրառելի դարձնել՝ ասում է Ավետիսյանը: Իսկ սննդի օբյեկտներում թերացումներից խուսափելու և քաղաքացիների առողջությունը չվտանգելու համար, տեսչական մարմինը առաջարկում է ներդնել նոր համակարգը ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր սննդի կետ ունենա որակի պատասխանատու, մարդ, որը կստիպի բոլորին պահպանել սննդի անվտանգության կանոնները: