Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերության հետագա գործունեության ձևաչափի, ինչպես նաև արդյունավետության բարձրացման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ։
Կենտրոնը միակն է, որ Հայաստանում իրականացնում է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բժշկին վաղ շրջանում ախտորոշել ուռուցքային գոյացությունն ու մշակել բուժման ճշգրիտ մարտավարություն։ Այն միակն է նաև տարածաշրջանում, որ ցիկլոտրոն C18 արագացուցչի միջոցով անմիջապես կենտրոնում իրականացնում է իզոտոպի ստացման գործառույթ։
Մինչ քննարկումը, փոխվարչապետ Մաթևոսյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ընկերության տնօրեն Նորայր Կոստանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կենտրոնում, եղել Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում և արտադրական մասում, ծանոթացել է ընկերության հնարավորություններին ու խնդիրներին։
Շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ, նախարար Ավանեսյանը կարևորել է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում նման կառույցի գործունեությունն ու արդյունավետ կառավարումը և ընդգծել, որ ՀՀ-ում, վերջին երեք տարիներին, քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ Կառավարությունը մեծ ներդրումներ է իրականացրել թե՛ հետազոտությունների շրջանակի ընդլայնման և թե՛ պետական պատվերի շրջանակում վիրահատությունների իրականացման ուղղությամբ։
Դրա հետևանքով շատ ծառայություններ հասանելի են դարձել ազգաբնակչությանը, որի արդյունքում, ըստ նախարարի, ունենք բարենպաստ ելքերով ցուցանիշների դինամիկա։ Այդ համատեքստում, կարևորվել է ոլորտի զարգացման ուղղությամբ Կառավարության ծրագրով նախատեսված քայլերի իրականացումն ու Կենտրոնի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:
Ընկերության տնօրենի՝ Կենտրոնի ներկայիս իրավիճակի և զարգացման տեսլականի մասին ելույթից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։