Ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը սկսվեց առանց ձեռքսեղմումների. պատվիրակություններն այս անգամ հանդիպեցին յուրաքանչյուրն իր երկրից՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Գրեթե 3 ժամ քննարկումից հետո՝ ուկրաինական կողմը հայտարարեց՝ «տեխնիկական դադար մինչև վաղը»:
Բանակցությունների 4-րդ փուլին ընդառաջ՝ դրանց առաջընթացի մասին տարբեր հայտարարություններ հնչեցին:
«Ուկրաինայի հետ երկխոսությունում առաջընթացը կարող է կողմերի միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման հանգեցնել»,- հայտարարել էր ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:
Ուկրաինայի նախագահի գրասենյակից էլ պարզաբանել էին, որ երբ պատրաստ լինի փաստաթղթի վերջնական տարբերակը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կհանդիպեն և կստորագրեն այն: Միխայիլ Պոդոլյակը նշել էր, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակի։
«ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից տեսնում Է «իրապես լուրջ» բանակցություններ վարելու պատրաստակամության նշաններ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը:
Ուենդի Շերմանը նկատվող առաջընթացը կապել Է «հսկայական ճնշման» հետ, որը կիրառվում Է Ռուսաստանի նկատմամբ, և այն ռազմական օգնության հետ, որը տրամադրվում է Ուկրաինային:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՌԴ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ. ԼԱՎՐՈՎ
Բանակցություններից Մոսկվայի ակնկալիքները շարունակում են նույնը մնալ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատարի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ներկայացրել է Մոսկվայի պահանջը:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Ուկրաինայի տարածքից որևէ վտանգ չպետք է լինի Ռուսաստանի Դաշնության համար, այն մարդկանց համար, որոնք ցանկանում են պաշտպանել ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը, ռուսական ավանդույթները, այդ թվում՝ կրոնական, ինչպես նաև այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ապրել մեր երկրում՝ առանց որևէ ազդեցության, խտրականության:
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ
Մոսկվայի նկատմամբ ճնշումները շարունակվում են: Եվրամիությունն ավարտում է պատժամիջոցների չորրորդ փաթեթի ընդունման գործընթացը, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը` Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետի հետ հանդիպումից հետո:
Ժոզեպ Բորել (Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Այս փաթեթը գրավոր ընթացակարգով կհաստատվի արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից: Այն ներառում է Ռուսաստանի առևտրի շուկա մուտք գործելու, միջազգային ֆինանսական կազմակերպություններին անդամակցելու, կրիպտո ակտիվների, շքեղ ապրանքների արտահանման և պողպատի և էներգետիկայի ոլորտների դեմ ուղղված նոր սահմանափակումներ: Պատժամիջոցներ են սահմանվելու ավելի շատ անհատների և ընկերությունների նկատմամբ:
ՄԱԿ-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ՝ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2.8 ՄԼՆ ՄԱՐԴ Է ԼՔԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՆ
Անդրադառնալով ռազմական հատուկ գործողության հետևանքներին՝ Բորելը նշել է, որ 17 օրվա ընթացքում միայն ուկրաինական Մարիուպոլ քաղաքում 2400 խաղաղ բնակիչ է զոհվել: Բորելն անդրադարձել է նաև փախստականների խնդրին:
Ժոզեպ Բորել - Պատերազմի 17 -րդ օրն է. 17 օրվա ընթացքում Ուկրաինայից ավելի քան 2 մլն մարդ է հեռացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սա մարդկանց ամենամեծ տեղաշարժն է:
ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից մինչև օրս, ավելի քան 2,8 միլիոն մարդ լքել է Ուկրաինան: Փախստականների հիմնական հոսքը հարևան երկրներ է՝ Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա: Լեհաստանն այս ընթացքում ընդունել է ավելի քան 1 միլիոն 700 հազար փախստական:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Առանց Ռուսաստանի այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հատուկ նիստ էր հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Արտահերթ նստաշրջանը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում և չի մասնակցի ԵԽԽՎ նիստերին, հայտնել է ռուսական պատվիրակության անդամ, սենատոր Ալեքսանդր Բաշկինը։ Բաշկինի խոսքով՝ այս որոշման պատճառը վեհաժողովի աշխատանքներում վառ արտահայտված հակառուսական կողմնորոշումն է։ Նա հիշեցրել է, որ այս պահին Ռուսաստանի ղեկավարությունը, երկրի արտաքին գործերի նախարարությունը քննարկում են ԵԽ-ում Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու հարցը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
Պատժամիջոցներն ու սահմանափակումները միայն բավարար չեն, Կիևն ավելին է պահանջում:
«Եթե չփակեք Ուկրաինայի երկինքը, ապա ռուսական հրթիռները կհայտնվեն ՆԱՏՕ-ի տարածքում: Դա միայն ժամանակի հարց է»,- նախազգուշացումն արել է Ուկրաինայի նախագահը Ֆեյսբուքի իր էջում:
Վոլոդիմիր Զելենսկին հիշեցրել է, որ անցյալ տարի նույնպես զգուշացրել էր ՆԱՏՕ-ի ղեկավարներին, որ Ռուսաստանի դեմ խստագույն կանխարգելիչ պատժամիջոցներ չկիրառելու դեպքում Մոսկվան պատերազմ կսկսի։
«Եվ ես ճիշտ էի»,- հավելել է Զելենսկին:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներգրավումն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող է Երրորդ աշխարհամարտի հանգեցնել: Շառլ Միշելը շեշտել էր, որ անում են ամեն ինչ, որպեսզի չսրեն հակամարտությունը:
ԱՆԿԱՐԱՆ ԴԵՄ Է ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Իրավիճակը չսրելու համար՝ Անկարան կրկին դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ հայտարարվող պատժամիջոցներին: ԱՆկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը, քննարկման գլխավոր թեման եղել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Էրդողանը շեշտել է, որ անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, աջակցություն հայտնում Կիևին, բայց դեմ է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներին:
Թուրքիայի նախագահը նորից առաջարկել է միջնորդ դառնալ ռուս-ուկրաինական հարաբերություններում:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Իսկ մինչև այդ Ռուսաստանը շարունակում է հատուկ գործողությունն Ուկրաինայում: Ռազմական օպերացիայի ավարտի ժամկետները Կրեմլը հրաժարվել է նշել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հատուկ օպերացիան զարգանում է ըստ պլանավորած ծրագրի և ամբողջ ծավալով կավարտվի նախատեսված ժամկետում: Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ օպերացիայի սկզբնական փուլում Պաշտպանության նախարարությունից պահանջել է ձեռնպահ մնալ խոշոր բնակավայրերի վրա գրոհելուց: Պեսկովն այսօր նաև չի բացառել, որ Ռուսաստանը կարող է ամբողջական հսկողության տակ վերցնել Ուկրաինայի խոշոր բնակավայրերը:
Ռուսաստանի հատուկ գործողությունը «պետական ահաբեկչություն» է որակել ԵԱՀԿ նախագահը, ով, սակայն խնդիրը դիվանագիտական ճանապարհով լոււծելու հույս է հայտնել:
Զբիգնև Ռաու (ԵԱՀԿ-ի նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար) - Դիվանագիտության դուռը դեռ բաց է։ Ռուսաստանին կոչ ենք անում գնալ բովանդակալից և էական երկխոսության՝ այս ճգնաժամի համար խաղաղ լուծում գտնելու նպատակով:
Խաղաղության կոչով՝ երաժշտության լեզվով: Աշխարհն աջակցում է Ուկրաինային նաև երաժշտությամբ: Նիդեռլանդների օպերայի և բալետի թատրոնն ու ֆիլհարմոնիկ նվագախումբը բարեգործական համերգ է կազմակերպել՝ աջակցելու Կիևին։ Միջոցառման ամբողջ հասույթը՝ 140.000 եվրո, տրամադրվելու է Ուկրաինայի տուժած բնակչությանը: