Առողջապահության նախարարությունն ունի հանձնառություն՝ պաշտպանելու քաղաքացիների կյանքը և առողջությունը: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով աղի գործածության մասին շրջանառվող նախագծի վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին:
«Մենք պետք է հոգ տանենք մեր մասին այն ժամանակ, երբ առողջ ենք: Պիտի վնասակար սովորություններից զերծ մնանք, առողջ սնվենք, մարզվենք, պահպանենք մեր առողջությունը, ստիպված չլինենք հիվանդաբուժությամբ զբաղվել»,- ասաց Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա՝ առանց սպառողի կողմից համապատասխան պահանջի ներկայացման: