ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում:
Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի հավելվածը:
Վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի օրենսդրական ակտերին, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դասավանդման ժամանակակից մեթոդներին, առարկայի չափորոշչին և ծրագրին, ինչպես նաև նպաստել ինքնուսուցմանը: Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ:
Կարևորվում է նաև դասի պլանավորման, ուսումնաօժանդակ, լաբորատոր աշխատանքների, ուսուցման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հաճախակի կիրառման հմտությունների զարգացումը:
Ակնկալվում է, որ հերթական ատեստավորման ավարտին ուսուցիչը պետք է իմանա հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ-ի) հիմնական դրույթները, ուսուցիչներին և սովորողներին ներկայացվող պահանջները, առարկայական չափորոշիչը, ծրագիրը, դասավանդման մեթոդիկան և գնահատման համակարգը:
Վերապատրաստման ծրագրի տևողություն և կրեդիտներ
Ուսուցչի հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրի իրականացմանը հատկացվում է 110 ժամ 8 բաժիններից` հետևյալ համամասնությամբ.
-
«Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» - 10 ժամ - 1 կրեդիտ,
-
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» - 20 ժամ - 1 կրեդիտ,
-
«Տարիքային հոգեբանություն» - 10 ժամ - 1 կրեդիտ,
-
«Դիրքորոշում և արժեք» - 10 ժամ - 1 կրեդիտ,
-
«Համընդհանուր ներառում» - 10 ժամ - 1 կրեդիտ,
-
«Գնահատում» - 15 ժամ - 1 կրեդիտ,
-
«Առարկայի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ - 2 կրեդիտ,
-
«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» 5 ժամ (Հետազոտական աշխատանքն իրականացվում է վերապատրաստման ամբողջ ընթացքում) - 3 կրեդիտ:
Մասնակիցը համարվում է դասընթացն ավարտած, եթե մասնակցել է յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի առնվազն 2/3-ին և յուրաքանչյուր բաժնի ամփոփիչ աշխատանքից ապահովել է առնվազն 60% արդյունք, ներկայացրել է պահանջվող չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանք: Վերապատրաստման ծրագիրն ավարտելու համար ուսուցիչը պետք է հավաքի առնվազն 9 կրեդիտ։
Տրված է նաև հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, որը ներառում է հետազոտական աշխատանքի՝ առաջարկվող թեմաները: