Ապագա ճուտիկները, որ կիրակի օրով Հայաստան կներմուծվեն․․ քիչ չէ, միանգամից էլ թռչնաբուծարան կհասնեն. նախկինում չլսված բան էր։ Բայց բիզնեսը նախօրեին Վրաստանից բեռը բերել, Բագրատաշենով անցկացնելիս տեղում մաքսազերծել, տարել է Լոռի։ Ապացույցը ՊԵԿ-ի փաստաթղթային բազայում է։
Ջանիկ Եղիազարյան (ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ) - Ներմուծել են ինկուբացիոն ձվեր, նախկինում կիրակի օրով սահմանելով՝ պետք է տարանցում լրացվեր, գար-տեղակայվեր Երևանում մաքսային հսկողության գոտում, սպասեր աշխատանքային ժամի, օրվա, որ ձևակերպում իրականացներ, բայց տվյալ դեպքում բացթողումն իրականացվել է այնտեղից:
Անմիջապես մաքսակետից՝ առանց մաքսատուն ձևակերպումների ու մաքսային պահեստ այցելելու տնտեսվարողը կարող է ստանալ այն ապրանքները, որոնց ներմուծման համար լրացրել է նախնական մաքսային հայտարարագիր։ Նորամուծությունը մեկ ամիս էլ չկա, ինչ գործում է։ Արտոնությունից օգտվելու նպատակով ընկերությունները պետք է բավարարեն 3 պահանջի՝ բացատրում են Պետեկամուտների կոմիտեում։
Սամվել Ղազարյան (ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժնի պետ) - Չափանիշները հետևյալն են. ընկերությունները պետք է հանդիսանան ԱԱՀ վճարող, նախորդ տարի ունենան առնվազն 300 մլն դրամ մաքսային արժեքով ներմուշում, և հայտարարագրերի առնվազն 80 տոկոսը պետք է ձևակերպված լինի հայտարարագրման առաջին մեթոդով:
Բիզնեսից կիրակի թե գիշերը ստացած հայտին արագ արձագանքելու համար ՊԵԿ-ում 24 ժամ աշխատող բաժին է ձևավորվել։ Հենց այս սենյակում են ստուգում տնտեսվարողի ուղարկած նախնական հայտարարագրերը։ Դրանք սովորականի պես պետք է լրացնել Արտաքին առևտրի մեկ պատուհան ծրագրով՝ ուղարկել ինտերնետով, չմոռանալով ամենակարևոր նշումը՝ հուշում է նորաստեղծ բաժնի ղեկավարը։
Նախնական հայտարարագրով օրերս արդեն երկրորդ խմբաքանակ բեռն է Հայաստան ներմուծել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը։ Նախկինում որ ասեին՝ խտանյութի մաքրման փուլում օգտագործվող շինարարական կիրը կարելի է այդքան հեշտ մաքսազերծել, բարձած մեքենաները չկանգնեցնել մինչև ձևակերպումների ավարտը, ժամանակ ու ճանապարհածախս խնայել՝ չէի հավատա՝ անկեղծանում է ընկերության ներկայացուցիչը։
Սևակ Բաղդասարյան (Ախթալայի ԼՀԿ լիազոր ներկայացուցիչ) - Ուրիշ անգամները պետք է գնայինք, հասնեինք Կիրովական ու ձևակերպում անեինք, հիմա ոչ միայն ֆինանսական ենք օգտվում, մեքենաները չեն գնում տերմինալ:
Նախնական հայտարարագրումից հնարավոր չէ օգտվել միայն, երբ ներմուծվող ապրանքը ենթակա է լաբորատոր փորձաքննության, ասենք՝ դեղորայք է։ Սննդի դեպքում տեսչական մարմինը մաքսակետերում կարողանում է տալ ֆիտո-սանիտարական սերտիֆիկատները։ Մնում է՝ հեշտացված կարգից օգտվելու համար գործարարը պահպանի սահմանված ժամանակացույցը։
Սամվել Ղազարյան - Այն տնտեսվարողները, որ ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ կներկայացնեն մաքսակետ բաժին՝ Բավրա թե Մեղրի, սահմանային կետից տեղի կունենա ապրանքների բացթողումը:
Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնել և ներմուծած ապրանքն անմիջապես մաքսակետից տնօրինել երկրում այս պահին կարողանում է 100-ից ավելի տնտեսվարող։