Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի Grassroots մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը ԿԳՄՍ նախարարությունում այսօր ստորագրել են համապատասխան պայմանագրերը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և Ճապոնիայի կառավարությանը նմանօրինակ քայլի համար. «Ձյուդոն Հայաստանում շատ սիրված և բավականին լայն մասսայականություն վայելող մարզաձև է: Մենք տարիների ընթացքում ունեցել ենք Եվրոպայի երկու չեմպիոն, աշխարհի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակիցներ: Այսօր էլ բավական շատ մարզվողներ կան: Գիտեմ՝ ՀՖԿՍՊԻ-ում շատ կարևորվում է ձյուդոն՝ որպես մարզաձև, և այն դրված է շատ լուրջ հիմքերի վրա: Ձեր օժանդակությամբ դահլիճը կդառնա շատ ավելի բարեկարգ, ու դա անմիջական ազդեցություն կունենա հետագայում մարզաձևի որակի բարձրացման վրա: Հուսանք՝ Ձեր այս օժանդակության շնորհիվ մենք մի օր նաև օլիմպիական չեմպիոն կունենանք՝ այդպիսի նվաճման հասնելով Ձեր իսկ ազգային մարզաձևում»:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի խոսքով՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին դրամաշնորհային օժանդակություն է ցուցաբերվել Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակում:
«Վերակառուցումից և վերանորոգումից հետո ավելի քան 700 մարդ ավելի լավ հնարավորություն կունենա մարզվելու ձյուդոյի և կարատեի դահլիճում, բարելավված պայմաններում: Ուրախ եմ այս առիթով, քանի որ սպորտն առողջ ապրելու միջոց է: Ուրախ եմ նաև, որ այս ծրագրի միջոցով ճապոնական մարտարվեստներն ավելի մեծ տարածում կունենան Հայաստանում, ինչը կամրապնդի մեր երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը՝ այսպիսով մարմնավորելով յուրահատուկ սպորտային կամուրջ մեր ժողովուրդների, հատկապես՝ երիտասարդների միջև»,- ասել է Ֆուկուշիմա Մասանորին՝ հաջող ընթացք մաղթելով այս ծրագրի իրագործմանը:
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ով ձյուդոյի վաստակավոր մարզիչ և օլիմպիական կարգի մրցավար է, նախ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը նմանօրինակ ծրագրի համար. «Ճապոնիայի դեսպանատան հետ բանակցային երկար գործընթաց ունեցանք մինչև այս վերջնակետին հասնելը: Ինձ համարում եմ ձյուդոյի մշակույթը կրող անձ, քանի որ 43 տարի ձյուդոյի մեջ եմ: ՀՖԿՍՊԻ-ի համար շատ մեծ պատիվ է այս դրամաշնորհը շահելը: Վստահ եմ՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճի վերակառուցման ծրագրի իրականացումից հետո էականորեն կբարելավվի բուհում կրթության որակը, հնարավորություն կունենանք մարզաձևերի ֆեդերացիաների հետ անցկացնելու մարզչական և մրցավարական սեմինարներ: Նախատեսում ենք մարզադահլիճում նաև վետերանների ու մանկապատանեկան տարիքի խմբեր ունենալ»:
Դավիթ Խիթարյանի խոսքով՝ այդ գումարով նախատեսվում է նախ և առաջ վերակառուցել մարզադահլիճի տանիքը և ոչ միայն. «Դահլիճը չէր համապատասխանում չափորոշիչներին, քանի որ չունեինք բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ և հանդերձարաններ: Չնայած դահլիճը երկրորդ հարկում է գտնվում, տանիքի հետ կապված խնդիրներ ևս ունեինք: Աշխատանքը պետք է սկսվի հենց տանիքից: Թարմացվելու են օդափոխության և ջեռուցման համակարգերը:
Նախատեսում ենք նաև դահլիճի մասնագիտական գույքի վերազինում»: ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսված է 1 տարվա համար, իսկ ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի ապրիլի 1-ից: