Խաղաղություն, կրակի դադարեցում, ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում. ռուս-ուկրաինական բանակցություններից Կիևի պահանջներն անփոփոխ են՝ բանակցությունների 4-րդ փուլից առաջ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Նա բանակցությունները որակել է «դժվարին»: Կրեմլից հաստատել են, որ բանակցություններն ընթացել են տեսակոնֆերանսի ձևաչափով: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիրտրի Պեսկովը լրագրողներին խոստացել է, որ բանակցությունների ավարտից հետո ռուսական պատվիրակությունը մանրամասներ կտրամադրի:
Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ Ռուսաստանի ծրագրերը կիրականացվեն նախապես հաստատված ժամկետներում՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսական ԶՈՒ-ն օգտագործում է ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներ՝ խոցելով միայն ռազմական օբյեկտները: Խոսելով հատուկ գործողության մասին՝ Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի ժամանակ հանձնարարել է միանգամից չգրոհել քաղաքները, այդ թվում՝ Կիևը՝ խուսափելու համար բնակչության շրջանում կորուստներից:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՌԴ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ. ԼԱՎՐՈՎ
Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի համար որևէ սպառնալիք չպետք է լինի՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Կատարի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ նախարարը նշել է, որ Մոսկվայում գնահատում են Ուկրաինայի հետ կարգավորման հասնելու և օրակարգային հարցերի շուրջ համաձայնության գալու Կատարի շահագրգռվածությունը։ «Համաեվրոպական անվտանգության, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգությանը հասնելու շահագրգռվածությունից ելնելով՝ պետք է այնպես անել, որպեսզի Ուկրաինայի տարածքից ՌԴ-ին որևէ սպառնալիք չգա»,- նշել է Լավրովը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
«Եթե չփակեք Ուկրաինայի երկինքը, ապա ռուսական հրթիռները կհայտնվեն ՆԱՏՕ-ի տարածքում: Դա միայն ժամանակի հարց է»,- նախազգուշացումն արել է Ուկրաինայի նախագահը Ֆեյսբուքի իր էջում: Վոլոդիմիր Զելենսկին հիշեցրել է, որ անցյալ տարի նույնպես զգուշացրել էր ՆԱՏՕ-ի ղեկավարներին, որ Ռուսաստանի դեմ խստագույն կանխարգելիչ պատժամիջոցներ չկիրառելու դեպքում Մոսկվան պատերազմ կսկսի։ «Եվ ես ճիշտ էի»,- հավելել է Զելենսկին: Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներգրավումն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող է Երրորդ աշխարհամարտի հանգեցնել: Շառլ Միշելը շեշտել էր, որ անում են ամեն ինչ, որպեսզի չսրեն հակամարտությունը:
ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐ. ԴԺՀ ՂԵԿԱՎԱՐ
Դոնեցկի վրա ուկրաինական զորքերի՝ Точка-У հրթիռներով հարձակման հետևանքով զոհվածների թվում կան երեխաներ՝ հայտնել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքով՝ զոհվել է 17, վիրավորվել՝ 28 մարդ: Ավելի վաղ Քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր, որ ուկրաինական կողմը Դոնեցկի կենտրոնին հարվածել է Точка-У-ով, կան տուժածներ։ Ինքնահռչակ հանրապետությունում սուգ կհայտարարվի:
ՌԴ-ՈՒՄ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է ԻՆՍՏԱԳՐԱՄԸ
Ինստագրամ սոցիալական ցանցը Ռուսաստանի տարածքում ամբողջությամբ արգելափակվել է։ Սոցցանցին հասանելիությունը սահմանափակելու մասին որոշումն ընդունվել էր մարտի 11-ին Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով, իսկ ավելի ուշ հայտարարվել էր մարտի 14-ին այն վերջնականապես արգելափակելու որոշման մասին: Արգելափակված է նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի հաղորդագրությունների հավելվածը, այն գործում է մասամբ ու խափանումներով: