ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ մարտի 13-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ` սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։
«Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝
• 12 հազար ՊՇՌ թեստ, թեստավորման սարքավորումներ, թեստավորման հետ կապված մեկանգամյա օգտագործման պարագաներ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համար,
• թթվածնի խտացուցիչներ, զարկերակային օքսիմետրեր, ռենտգենային և ուլտրաձայնային սարքավորումներ, օդափոխիչներ, ախտորոշիչ և բուժման ընթացքի համար էական այլ սարքավորումներ բուժհաստատությունների համար,
• անհատական պաշտպանության միջոցներ՝ KN95 տիպի դիմակներ, վիրաբուժական դիմակներ, արտահագուստ, պաշտպանիչ ակնոցներ առաջնային գծի բուժաշխատողների համար,
• ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ ու դիսպենսերներ բուժհաստատությունների համար,
• ուսուցում և տեխնիկական աջակցություն COVID-19-ին առնչվող աշխատանքներում ընթացակարգերի ձևավորման, կառավարման, լաբորատոր ու կլինիկական հարցերում ներգրավված անձնակազմի համար, աջակցություն COVID-19 համավարակին արձագանքելու հարցում Ֆրանսիայից բժիշկների 7 հոգանոց խմբի այցի կազմակերպմանն աջակցելու նպատակով,
• աջակցություն ՀՀ կառավարությանը ճգնաժամային հաղորդակցության կազմակերպման, մասնավորապես` համապատասխան նյութերի մշակման, տարածման և հաղորդակցության սարքավորումների ապահովման հարցում,
• հոգեբանական, պարենային և ոչ-պարենային աջակցություն խոցելի անձանց,
• COVID-19-ի հետ կապված տեղեկատվության, այդ թվում՝ ապացույցների վրա հիմնված տեղեկությունների տարածում՝ միտված պատվաստումների խթանմանը։
«Ուրախ ենք մեր փոխգործակցության շրջանակում ապահովել COVID-19-ի պատվաստանյութի այս խմբաքանակի նվիրատվությունը Հայաստանին։ Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը համավարակին վերջ դնելու հարցում խիստ էական է։ Պատվաստված լինելով՝ մենք կրճատում ենք COVID-19-ով վարակվելու և վարակը տարածելու ռիսկը։ Պատվաստված լինելը նաև օգնում է վարակվելու դեպքում խուսափել սուր ընթացքից ու մահվան ելքից»,- ասել է դեսպան Թրեյսին։
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է COVID-19-ի դեմ պայքարը երկրի ներսում ու ողջ աշխարհում, և նախագահ Բայդենը հանձնառու է աջակցել պատվաստման միջազգայնորեն համակարգված ջանքերին։
«Համավարակն այստեղ հաղթահարելու համար պետք է կարողանանք հաղթահարել այն ամենուր»,- ասել է ԱՄՆ նախագահ Բայդենը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները գլոբալ կարիքները հոգալու համար կապահովի անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի 1,2 միլիարդ դեղաչափ։ Մարտի 3-ի դրությամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբեր մեխանիզմներով ավելի քան 110 երկրների տրամադրել է պատվաստանյութի ավելի քան 480 միլիոն դեղաչափ։