ՀՍՏԱԿ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՔԱԳԾԻՆ. ՀՀ ՄԻՊ ԿՈՉԸ
Մարտի 13-ին՝ օրվա ընթացքում, և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն՝ հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը: Չնայած վերջին օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել, բայց Արցախը շարունակում է մնալ առանց գազի: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է ուղարկել միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական առաքելություններին. կոչ է անում հստակ արձագանքել Ադրբեջանի հանցավոր վարքագծին.
«Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100 000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա էլ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո»:
Մարդիկ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը՝ նշում է Հայաստանի ՄԻՊ-ը: Զուգահեռ թիրախավորվում է խաղաղ բնակչությունը.
«Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։
Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից»։
ՌՈՒԲԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԼԱԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ե՛վ հրադադարի խախտումներով, և՛ Արցախ մտնող գազատարի խնդրով մտահոգված է Եվրամիությունը։ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է.
«Երկու օրով գալիս եմ Երևան` հանդիպումներ անցկացնելու։ Քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, Եվրամիությունն առավել քան երբևէ հավատարիմ է Հարավային Կովկասը խաղաղ և բարգավաճ տեսնելու նպատակին»։
Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերի հարցը Տոյվո Կլաարը քննարկել է Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ: Անդրադարձ է եղել նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին:
ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԼՂ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԼՂ-ում ստեղծված ինչպես հումանիտար ճգնաժամային, այնպես էլ անվտանգային իրավիճակը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հանդիպմանը, որին ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն, քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Շեշտվել է սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը:
Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
ՀՀ ԱԳՆ-Ն ԴԻՄԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ
ԵԱՀԿ ՄԽ համախագահությանը դիմել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչությունը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների համար, այդ կերպ պատասխանելով Ադրբեջանի առաջարկներին: 2 օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետանոց առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Երևանին և հիմա սպասում է պատասխանի։ Թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը՝ պաշտոնապես չեն մանրամասնել:
ՀԵՏԵՎԵԼ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆԸ. ԱՐՑԱԽԻ ԱԽ ՀՈՐԴՈՐԸ
Զուգահեռ հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը: Դրա վերաբերյալ էլ հաղորդագրություն է տարածել Արցախի անվտանգության խորհուրդը:
«Արցախի Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Հորդորում են՝ հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Հիշել Ադրբեջաական կողմի նպատակը բնակչության շրջանում խուճապ առաջացնելն է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան