Կոտայքում այս տարի 11.4 մլրդ դրամ բյուջեով 68 սուբվենցիոն ծրագիր կյանքի կկոչվի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Նա տեղեկացրել է, որ ներկայացված բոլոր ծրագրերն առաջին փուլով հավանության են արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից:
Հատկանշական է, որ կառավարության կողմից այս տարի ընդլայնվել են ինչպես սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները, այնպես էլ կառավարության ֆինանսավորման մասնաբաժինը: Օրինակ, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերում կառավարության ֆինանսավորման չափը այս տարի հասել է մինչև 70 %-ի: Այսպիսով, այս տարվա ծրագրերով
Մանկապարտեզներ կկառուցվեն և կվերանորոգվեն Հրազդանում, Նաիրիում, Նոր Հաճնում, Ծաղկաձորում, Բյուրեղավանում, Աբովյանում, Ակունքում
Այգիներ, պուրակներ կկառուցվեն ու կբարեկարգվեն Հրազդանում, Աբովյանում, Բյուրեղավանում, Արզնիում
Ներհամայնքային փողոցներ կկառուցվեն ու կնորոգվեն Բյուրեղավանում, Աբովյանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Ակունքում, Հրազդանում, Նաիրիում, Նոր Հաճնում, Ջրվեժում
Ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման համակարգեր կկառուցվեն և կնորոգվեն Հրազդանում, Աբովյանում, Նարիիում, Նոր Հաճնում, Ակունքում, Գառնիում, Ծաղկաձորում, Բյուրեղավանում:
«Մի շարք ծրագրերով մեր համայնքներում կգազաֆիկացվեն և կլուսավորվեն թաղամասեր: Նախատեսված են այլ ծրագրեր ևս, որոնց մասին առաջիկայում հանրությունը մանրամասն կտեղեկանա»,- գրել է մարզպետը: