Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ կարձակվի:
Որոշումը հրապարակել է Վերաքննիչ դատարանը՝ բավարարելով պաշտպանական կողմի բողոքը:
Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը:
Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել մյուս ամբաստանյալներին, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։
Տոնոյանը և բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը մեղադրյալ են ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն դրամը, վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան