ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 14-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող օղակներին և կատարված աշխատանքներին:
Նախարարը նշել է, որ թեև Արդարադատության նախարարությունն оրենսդրության զարգացմամբ և կազմակերպչական աշխատանքներով աջակցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նպաստել է՝ ավելացնելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակա հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը, որը 3200-ից հասել է 9000-ի: Հաշվետու տարում սկսվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման աշխատանքները, որի օրենսդրական բազան նույնպես մշակել է նախարարությունը:
«Արդեն արդյունքները տեսնում ենք 2022 թ. առանձին, կոնկրետ գործերի տեսքով: Այս բլոկում շատ կարևոր է նաև Դատախազությունում առանձին միավորների ստեղծումը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումը և Ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը»,- ասել է նախարարը:
Կարեն Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծման գործում: