ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արդարադատության նախարարը ներողություն է խնդրում, որ, իր ձևակերպմամբ, ընդհանուր՝ «կոռումպացված» գնահատականով վիրավորել է դատավորներին ու դատական համակարգին: Կարեն Անդրեասյանն այս հայտարարությունը խորհրդարանում արեց՝ արձագանքելով Արեգնազ Մանուկյանի դիտարկմանը: Ընդդիմադիր պատգամավորը դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման մասին էր խոսել, հիշեցրել, որ միջնորդությունը բավարարած դատարավոր Դավիթ Արղամանյանը 2018-ին փողոցում, իր խոսքով՝ թմբուկ է զարկել:
Արեգնազ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ինձ մոտ հիմնավոր կասկածներ կարող են առաջանալ, որ այդ դատավորն օբյեկտիվ արդարադատություն իրականացնել չի կարող:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Ասում եք «թմբուկ զարկել»՝ նկատի ունենալով, որ նա ունեցել է որոշակի քաղաքական ուղղություն, և քաղաքական ուղղությունը Ձեզ մոտ կասկած է առաջացրել, որ պետք է լիներ ինքնաբացարկի հիմք: Դուք երբ որ Ձեր քաղաքական ամբիոնից անում եք այս հայտարարությունը, արդեն որոշակի ճնշում է և ԲԴԽ-ի վրա, որը կարող է որոշակի փուլում այս գործը լսել՝ որպես դատարան, և դատավորի վրա, որն ամեն անգամ պետք է վախենա, երբ ինչ-որ մի դատավոր գա ու հիշի, որ ինքը թմբուկ է զարկել: Սա ազդեցություն է դատարանի վրա:
Այս թեմայից խոսեցին, հիշեցին դատական գործերի մակագրման համակարգի խնդիրը: Նախարարը, սակայն, հստակ ժամկետ չնշեց, թե երբ կներդրվի էլեկտրոնային մակագրման նոր համակարգը:
2021-ԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԿԱՏԱՐՎԵԼ. ՆԱԽԱՐԱՐ
Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Անդրեասյանն այսօր Կառավարության 2021-ի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների զեկույցն էր ներկայացնում: Դատական համակարգում, ըստ նրա, մեծ աշխատանք է տարվել, ավելացել է դատավորների թիվը, 50-70 տոկոս աշխատավարձի բարձրացում է եղել, սոցիալական երաշխիքներ են ստեղծվել: Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ապա Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը 19 միջնորդություն է ներկայացրել ԲԽԴ, որից բավարարվել է ընդամենը 5-ը:
Կարեն Անդրեասյան - Շատ է քննարկվում ճնշումների, ազդեցությունների մասին: Ես կարող եմ ասել, որ ԱՆ-ի բերած միջնորդությունների գերակշռի մասը հաջողություն չի գրանցել, և այդ հինգում էլ էնպես չէ, որ դատավորների լիազորությունները դադարեցվել են, ընդամենը նախազգուշացում է եղել: Ուղղակի ավելի ուշադիր են աշխատում:
Նախարարը քրեակատարողական համակարգում կատարված փոփոխություններից էլ խոսեց. «Կոշն» ու «Հրազդանը» փակվեցին: Սա, ըստ նրա, ոչ միայն ֆինանսների խնայողություն է, այլև աշխատանքների ճիշտ կազմակերպում:
2021 Թ. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ
2021-ին կատարված աշխատանքներից այսօր ՄԻՊ հանձնաժողովում նաև առողջապահության նախարարը խոսեց: Համակարգի համար անցած տարին ծանրաբեռնված էր քովիդի պատճառով: Բայց համաճարակին զուգահեռ՝ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվել՝ պետպատվերի շրջանակում ընդլայնվել է երեխաներին տրամադրվող դեղորայքային փաթեթը: 2020-ի համեմատ՝ շուրջ 200 000-ով էլ ավելացել է դեղորայքի անվճար փաթեթից օգտվողների թիվը՝ ներկայացրեց Ավանեսյանը: 2021-ին նաև նոր՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտության ծրագիրն է մեկնարկել:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Դրա շրջանակում այս ընթացքում 6661 կին անցել է հետազոտություն, որոշել ենք ընդլայնել ու շարունակել երեք մարզում՝ Տավուշ, Լոռի և Սունիքի, նաև՝ Շիրակ:
Շարունակվում են կապիտալ ներդրումները, մի շարք մարզային հիվանդանոցներում հիմնանորոգման աշխատանքներ են տարվում՝ ասաց նախարարը, հավելեց՝ հնգամյա ծրագրով մինչև 2026 թ. պետք է վերակառուցվի ու վերազինվի առնվազն 50 բժշկական կենտրոն: Իսկ ինչ տեղեկություն ունի նախարարությունը քովիդի թեստերի գների խնդրի հետ կապված՝ հետաքրքրվեց Թագուհի Թովմասյանը:
Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Գնում էին 500-1500 դրամով, բայց մատուցում էին 8000-15000-ով: Ինչու է այդքան թանկ եղել:
Անահիտ Ավանեսյան - Թեստերի արժեքը պետք է դիտարկենք ժամանակի ընթացքում, որովհետև դրանք կտրուկ փոփոխվել են 2020-ից ի վեր, և ներմուծման տարբեր գներ կան: Բայց պետք է դիտարկենք ոչ միայն թեստերի, այլև լաբորատոր կարողությունների, սարքավորումների, աշխատողների համատեքստում:
Ընդդիմադիր պատգամավորը նաև վերջերս ամենաքննարկված՝ աղի թեման չշրջանցեց: Արդյոք առանց հաճախորդի պահանջի հանրային սննդի վայրերում սեղանին աղ դնելն արգելելու նախաձեռնությունը որևէ միջազգային կազմակերպության ծրագի՞ր է, և նախարարությունը այդ նպատակով դրամաշնորհ ստացե՞լ է՝ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը: Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ հանրային առողջության պահպանման քաղաքականության մշակման համար նախարարությունը տարեկան բյուջեով միջոցներ է ստանում, ու դրամաշնորհների վարկերի մասին խոսելը, ըստ նրա, ծիծաղելի է: