ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2021 թվականին նախարարությունը մեծ աշխատանք է կատարել հակակոռուպցիոն համակարգ ներդնելու և այն զարգացնելու ուղղությամբ:
Խոսելով ընդհանուր դատական համակարգում կատարված աշխատանքների մասին՝ Անդրեասյանը նշեց.
«Ավելացվել է դատավորների թիվը, ապահովվել են սոցիալական երաշխիքներ դատավորների համար, նրանց աշխատավարձերի որոշակի բարձրացումներ են եղել տարբեր ատյաններում տարբեր չափերով: Նաև դատարանները բեռնաթափելու հետ կապված աշխատանքներ են արվել՝ այլընտրանքային միջոցներ ստեղծելով»:
Անդրեասյանը խոսեց նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների մասին:
«Նախարարությունը 2021 թվականի ընթացքում կարգապահական վարույթ հարուցելու 19 միջնորդություն է տարել ԲԴԽ: Միայն 5-ն է բավարարվել: Շատ է քննարկվում ճնշումների մասին, բայց կարող եմ ասել՝ արդարադատության նախարարության բերած միջնորդությունների գերակշիռ մասը հաջողություն չի գրանցել»,- ասաց Անդրեասյանը: