ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼԸ
Այսօր նախատեսված է ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը՝ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Բանակցությունները կանցկացվեն առցանց՝ հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան: Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը փետրվարի 28-ին էր, երկրորդ փուլը` մարտի 3-ին, երրորդը՝ մարտի 7-ին։ Միջազգային հարցերով պետդումայի կոմիտեի ղեկավար, ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունում առաջընթացը կարող է կողմերի միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման հանգեցնել։
«Երբ պատրաստ լինի փաստաթղթի վերջնական տարբերակը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կհանդիպեն և կստորագրեն այն»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը: Միխայիլ Պոդոլյակը նշել է նաև, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակի։ «Մոսկվան փոխել է պատկերացումները հակամարտության մասին»,- նշել է նա։
«ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից տեսնում Է «իրապես լուրջ» բանակցություններ վարելու պատրաստակամության նշաններ»,- հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը: Ուենդի Շերմանը նկատվող առաջընթացը կապել Է «հսկայական ճնշման» հետ, որը կիրառվում Է Ռուսաստանի նկատմամբ, և այն ռազմական օգնության հետ, որը տրամադրվում է Ուկրաինային:
Ռուս-ուկրաինական բանակցությունների նպատակը երկու երկրի նախագահների հանդիպումն է՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին մանրամասնել է, որ ուկրաինական պատվիրակության առջև հստակ խնդիր կա դրված՝ անել հնարավորը նախագահների հանդիպմանը հասնելու համար: «Մեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն ամեն օր խոսում են տեսակապով»,- հայտնել է Զելենսկին: Խոսելով բանակցությունների մասին, նա նաև նշել է, որ դրանց արդյունքում ակնկալում են ավելի շատ մարդասիրական միջանցքների գործարկում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ մեկ օրում մարդասիրական միջանցներից օգտվել է 5550 մարդ, վեց օրվա ընթացքում՝ ավելի քան 130,000 հոգի։ Զելենսկին հայտնել է, սակայն, որ Մարիուպոլի մարդասիրական միջանցքը դեռևս չի գործում:
ՄԱԿՐՈՆՆ ՈՒ ԲԱՅԴԵՆԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՌԴ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Ֆրանսիայի նախագահ հեռախոսազրույց Է ունեցել իր ամերիկացի պաշտոնակցի հետ: Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը համաձայնության են եկել հակառուսական սահմանափակումների խստացման շուրջ: Մակրոնը Բայդենին ցավակցություն Է հայտնել Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի զոհվելու կապակցությամբ: Ղեկավարները նաև անդրադարձել են ռուս-ուկրիանական բանկցությունների թեմային: Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը Բայդենին տեղեկացրել է այն լրացուցիչ օգնության մասին, որը Եվրամիությունը նախատեսում է տրամադրել Ուկրաինային: Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Ֆրանսիայի առաջնորդը լիարժեք աջակցություն է հայտնել Կիևին և տեղեկացրել օգնության մասին, որը համաձայնեցվել է Վերսալում անցկացված ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շարունակումը։
ՌԴ ԶՈՒ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՏՎՅԱԼՆԵՐԸ
ՈՒկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայի ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3736 օբյեկտ՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Իգոր Կոնաշենկովի խոսքով ոչնչացվել է 100 ինքնաթիռ, 139 անօդաչու թռչող սարք: Լիարժեք վերահսկողություն է սահմանվել ևս 5 բնակավայերի նկատմամբ։ Առաջխաղացումը մեկ օրում կազմել է մինչև 9 կմ։ ՌԴ զինված ուժերի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է մինչև 180 վարձկան և օտարերկրյա զինատեսակների մեծ խմբաքանակ։
ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹԸ
Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը՝ երեկ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Ժան-Իվ Լը Դրիանը մանրամասնել է, որ ԵՄ-ում դեսպանները բանակցություններ են վարում պատժամիջոցների փաթեթի շուրջ, այն մասնավորապես ներառում է Ռուսաստան շքեղության ապրանքների արտահանման արգելք: Նախարարի խոսքով նաև արգելք կմտցվի ռուսական նավթային ոլորտում բոլոր ներդրումների համար։ Պատժամիջոցներն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, կազդեն գործարարների ավելի լայն շրջանակի վրա։