ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում անդրադարձավ դատավորների վրա ճնշում գործադրելու մասին հարցին:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ այսօր գործադիրը շատ զուսպ է, գոնե այս ընտրություններից հետո գործադիրի կողմից չի եղել որևէ հայտարարություն կամ միջամտություն կոնկրետ գործերի մասով: Իսկ հակառակը, ես չեմ ուզում ասել՝ ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, մենք անընդհատ լսում ենք կոնկրետ գործերով միջամտություններ, հայտարարություններ, ճնշումներ, դատավորի մասին անհարգալից դեպքեր, խոսակցություններ: Դա հասնում է փաստաբանների մակարդակին»,- ասաց Անդրեասյանը:
Պատգամավորներից մեկի այն հարցին, թե արդյոք կարգապահական վարույթ հարուցելը կարո՞ղ է դիտվել որպես ճնշում, նախարարը պատասխանեց.
«Այդ ճնշման գործիքը ես ժառանգել եմ նախկին 2 իշխանությունների ժամանակներից: Այդ գործիքը ես չեմ համարում ճնշում, ավելին ասեմ՝ ձեր իշխանություններից շատ շնորհակալ եմ, որ ներդրել են գործիքը, բայց այս գործիքը ուղղակի չէր կիրառվել, չէր աշխատում: Ես որպես ՄԻՊ ուղարկում էի հազարավոր խախտումների մասին արդարադատության նախարարին, որ կարգապահական վարույթներ հարուցեր, չէր հարուցում:
Դրա համար մեր երկիրը հասավ այս օրին՝ դատական իշխանության իմաստով: Եթե այդ գործիքն աշխատեցվեր, այսօր մենք դատարանների մասին ընդհանրապես չէինք խոսի»: