Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ): Բրոնզե մեդալի համար պայքարում էլ Էդիկ Հարությունյանը (57 կգ) 10:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրք Յուսուֆ Դեմիրի նկատմամբ, իսկ Նորիկ Հարությունյանը (61 կգ) նույն 10:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին:
Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ են եղել նաև 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, ովքեր, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Մ23 տարեկանների ԵԱ-ին մասնակցել է նաև 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, ով ևս անմասն է մնացել մեդալից:
Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ավելի վաղ 3 բրոնզե մեդալ էր նվաճել Պլովդիվում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր էին դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):