Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության Vbet Ա լիգայի չեմպիոնի կոչումը նվաճել է «Էրեբունին»:
Առաջին տեղի համար պայքարում թիմը մրցել է «Ուրարտուի» հետ և հաղթել 106:93 հաշվով: Առաջին քառորդում հավասար պայքար է ծավալվել, սակայն «Ուրարտուն» ունեցած չնչին առավելությունը չի կարողացել պահպանել. «Էրեբունի»-«Ուրարտու»՝ 28:25։
Թիմերը մեծ ընդմիջման գնացել են 5 միավորի տարբերությամբ` 55։50` հօգուտ «Էրեբունիի»։ 3-րդ քառորդում «Էրեբունին» հիմնականում շեշտը դրել է 3-միավորանոց նետումների վրա, որոնք տվել են իրենց արդյունքը` 81:69։
Վերջին քառորդում «Ուրարտուի» հակագրոհները չեն ավարտվել դիպուկ նետումներով և «Էրեբունին» հաղթել է 106:93 հաշվով։ Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել «Էրեբունիի» բասկետբոլիստ Օմեգա Հարիսը, ով վաստակել է 35 միավոր, 14 անգամ տիրել զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարել 10 արդյունավետ փոխանցում։
Այս հաղթանակի շնորհիվ «Էրեբունին» գլխավորել է Ա լիգայի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Գյումրիի» հետ:
«Ուրարտուն» եզրափակչի ուղեգրի համար մրցախաղում ուժերը կչափի փլեյ-օֆֆում միմյանց հետ մրցող ԲԿՄԱ-«Արցախ» զույգի հաղթողի հետ։ Քառորդ եզրափակչի հանդիպումները ԲԿՄԱ-ի և «Արցախի» միջև կկայանան մարտի 15-ին և 16-ին։
Խաղերի մեկնարկը 19:15-ին է: