Լատվիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը հաստատել է երկրի շահագրգռվածությունը Թուրքիայից Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու հարցում, որոնք օգտագործվել են Սիրիայում, Լիբիայում, Արցախում, Եթովպիայում, Իրաքում, հիմա էլ՝ Ուկրաինայում՝ գրում է defenseworld.net-ը։
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Nikkei Asia-ի հետ հարցազրույցում Պաբրիկսն ասել է, որ Լատվիան «շահագրգռված է Թուրքիայից ձեռք բերել այնպիսի զինված անօդաչու սարքեր, որոնք ուկրաինական զինուժն այսօր օգտագործում է ռուսական զորքերի դեմ»:
TB-2-ը որսում է հակահրթիռային պաշտպանության համակարգերը լազերային կառավարվող ռումբերով: Ուկրաինացի զինվորականները տարածել են տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես են TB-2 անօդաչու թռչող սարքերը խոցում ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը, մատակարարման ավտոշարասյունը և տանկերը։
Լատվիան մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է մոտ 200 միլիոն եվրո արժողությամբ «երկիր-օդ» Stinger հրթիռներ, հակատանկային զենք, զինամթերք և սաղավարտների նման սարքավորումներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն: