Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի գլխավոր դիվանագետները: Արարատ Միրզոյանը և Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել են Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների իրականացնելու պատրաստակամությունը։ Հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ հարցուպատասխանի ժամանակ նախարար Միրզոյանը շեշտել է՝ ֆորումին մասնակցելու հրավերը դրական ուղերձ է համարել:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Հանդիպման ընթացքում մենք վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ: Հուսով եմ՝ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք: Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր պետությունները, բոլոր ժողովուրդները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, համենայնդեպս, Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղություն և կայունություն, կա:
Տարածաշրջանում կայունության և խաղաղության անհրաժեշտության մասին նաև Թուրքիայի արտգործնախարարն է խոսել, նշել՝ մի քանի օր առաջ Բաքվում է եղել, և, նրա հավաստմամբ, Ադրբեջանը նույնպես աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մևլութ Չավուշօղլուն շեշտել է՝ այս գործընթացին բոլոր կողմերը լայն աջակցություն են ցուցաբերում:
Մևլութ Չավուշօղլու (Թուրքիայի ԱԳ նախարար) - Կարող եմ ասել, որ չափազանց արդյունավետ և կառուցողական հանդիպում էր։ Ինչպես գիտեք, մեր հարաբերությունները կարգավորելու համար գործընթաց ենք սկսել։ Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի փոխադարձ դրական ուղերձներից հետո հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել, որոնք հանդիպել են Մոսկվայում և Վիեննայում։ Տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը բոլորի շահերից են բխում։ Այս ուղղությամբ շարունակելու ենք քայլեր անել:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նախարար Միրզոյանը մտքեր է փոխանակել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Անդրադարձ է եղել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, ուշադրություն հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։