Հայաստանի Հանրապետության հինգերորդ նախագահն այսօր՝ ԱԺ հատուկ նիստում, հանդիսավոր արարողությամբ ստանձնեց պաշտոնը:
7-րդ դարի Վեհամոր ավետարանի ու Սահմանադրության մայր օրինակի վրա Վահագն Խաչատուրյանն անաչառության ու Սահմանադրությանը հավատարիմ լինելու երդում տվեց:
Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ նախագահները պաշտոնը ստանձնելիս աջը դնում են թե՛ Մայր օրենքի, թե՛ Սուրբ գրքի վրա: Երբ 1991 թվականին Հայաստանի առաջին նախագահը առաջին անգամ ստանձնում էր պաշտոնը, նորանկախ Հայաստանը դեռ Սահմանադրություն չուներ, այն ընդունվեց միայն 1995-ին, և Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնամուտի երդումը տվեց Վեհամոր ավետարանի վրա: Հետագա արարողություններին Սահմանադրությունն արդեն կար, բայց, ավանդույթի ուժով, երդման համար բերվում էր նաև Վեհամոր ավետարանը:
Վահագն Խաչատուրյանը Հայաստանի 5-րդ նախագահն է ու երկրորդը, որին ընտրում է խորհրդարանը: Մինչև 2015-ի սահմանադրական փոփոխությունները Հայաստանը կիսանախագահական երկիր էր, նախագահն ընտրվում էր համապետական քվեարկությամբ: 2018-ին Հայաստանում առաջին անգամ նախագահին ընտրեցին օրենսդիրում: Արմեն Սարգսյանը, սակայն, 7 տարվա փոխարեն պաշտոնավարեց չորս տարի և այս տարվա հունվարի 23-ին հրաժարական տվեց: