Վահագն Խաչատուրյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց, որ ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնում է կարևոր մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանային ու միջազգային բարդ մատահրավերներ կան։
«Այսօր մեզ, առավել քան երբևէ, հարկավոր են իմաստություն, վստահություն, միաբանություն, կայունություն։ Այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում։ Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու։ Ի վերջո, պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը, ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը։ Այս ամենը կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր, արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի»,- ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչած են ապահովելու իշխանության 3 թևերի գործունեությունը՝ ուղղված Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն՝ անկախ իրավիճակներից։
«Այս համակարգում իր տեղն ունի նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, հանդիսանում է պետության գլուխը, հետևում Սահմանադրության պահպանմանը»,- ասաց Խաչատուրյանը։
Նորընտիր նախագահի խոսքով՝ իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը։
«Քաղաքական ոչ մի համակարգ իդեալական չի կարող լինել։ Ե՛վ քաղաքական, և՛ խորհրդարանական համակարգերն իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ, բացթողումներ։ Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող։
Մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից, սակայն այս կամ այն երկրի ժողովրդավար քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինի իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխության հնարավորությունը, ազատ ընտրությունները»,- ասաց Խարատուրյանը։
Ըստ նորընտիր նախագահի՝ մեր երկրի Սահմանադրությունն այս առումով նախատեսում է անփոփոխելի հոդվածներ, որոնք կոչված են երաշխավորելու ՀՀ գոյությունը։
Խաչատուրյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել երկրի տնտեսական հզորությունը, ամրապնդել անվտանգային համակարգերը, կառավարելի դարձնել տեղի ունեցող գործընթացները, ստեղծել ու զարգացնել ապագային միտված նոր տնտեսական համակարգ, որը ճանապարհ կհարթի դեպի նոր որակի տնտեսություն՝ թռիչքաձև զարգացման պոտենցիալով։
«2018 թվականի թավշյա հեղափոխությունն էլ արդյունք էր նոր նպատակների իրականացման մեծ հույսի և ակնկալիքի, որ կա մեր հանրության գերակշռող մասի մոտ։ Մինչհեղափոխական շրջանն արդեն հասցրել էր մարդկանց հուսալքել, հիասթափեցնել։ Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների։ Դրանք 2018 թվականի ապրիլին իրականություն դարձան։ Սա էլ հերթական նոր փորձություն էր մեր քաղաքացիների համար։ Վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը դժվար է լինելու, ժամանակ պահանջող»,- ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ նոր Հայաստանը կերտելու համար պետք են հույս, համբերատարություն, սեր միմյանց նկատմամբ։