ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է։
«Երբ մենք հրապարակում ենք, թե Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլվել է, երկրի բնակչության կեսը սկսում է անհանգստանալ, որ Սյունիքի կեսը մնացել է առանց ճանապարհի. վերջում պարզվում է՝ դաշտի մեջ մի տեղ գործ են անում, փլվել է»,- ասաց նախարարը:
Գնել Սանոսյանի խոսքով՝ բազմիցս խոսվել է, որ այդ ճանապարհը երեք շինարարական ընկերություն է արել, որոնցից երկուսը պետք է երեք շերտ ասֆալտ անեին, սակայն երեք շերտից երկու շերտ են տեղադրել:
«Մենք չենք թողել երրորդ շերտը տեղադրել՝ հասկանալով, որ ճանապարհը կառուցվել է արագ, որ ճանապարհի կառուցման որոշ հատվածում ստիպված ենք եղել թողնել, որ մեքենաները անցնեին, այսինքն՝ մի կողմում ասֆալտ էին անում, մյուս կողմում մեքենաներն էին անցնում, բայց ստիպված ենք գնացել այդ լուծմանը: Հիմա որոշակի կարգավորումներ անում են, որպեսզի ճանապարհներն անցանելի լինեն: Այո՛, մի շարք հատվածներում առաջացել են թերություններ. եղանակները հենց բացվեն, բոլոր թերությունները կվերացնեն, ասֆալտի երրորդ շերտը կտեղադրեն»,- ասաց Գնել Սանոսյանը։
Անդրադառնալով Կապան-Ճակատեն ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին՝ Սանոսյանը նշեց, որ հողային պաստառը պատրաստ է, բավական լավ տեսքի է բերված, երթևեկությունը վերականգնվել է:
«Երթևեկության ինտենսիվությունը գրեթե ամբողջովին վերականգնվել է, և ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, դա կլինի»,- հայտնեց ՏԿԵ նախարարը։