Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ԱԺ հատուկ նիստը, որտեղ ՀՀ 5-րդ նախագահը երդմամբ կստանձնի պաշտոնը։
Գրանցվել է 70 պատգամավոր, քվորում կա։
Հրավիրված են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի և Հայաստանի պետական ու մշակութային գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել նախագահի երդմնակալության արարողությանը։
«ՀՀ Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Խաչատուրյանին։ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու երդման արարողության նպատակով հրավիրված ՀՀ ԱԺ հատուկ նիստը հայտարարում եմ բացված»,- ասաց ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը՝ խնդրելով ներս բերել ՀՀ պետական դրոշը և նախագահական իշխանության խորհրդանիշը, Սահմանադրության Մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը։