Աշխարհում արդեն տևական ժամանակ հանրային ֆինանսավորման կամ, այլ կերպ ասած՝ քրաուդֆանդինգի օգնությամբ տարատեսակ խնդիրներ են լուծում՝ քաղաքական արշավների կազմակերպումից մինչև բարեգործական ծրագրեր: Չնայած տերմինը նոր է մտել մեր բառապաշար, բայց երևույթը մեկ տասնամյակից ավելի պատմություն ունի: Հայաստանում պայմաններ են ստեղծվում ներդրումային քրաուդֆանդինգի զարգացման համար:
Առաջին քայլը գլխավոր դրամատունն է արել՝ հաստատելով այս ծառայությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը:
Այս կարգավորումների արդյունքում գլխավոր դրամատան լիցենզավորած ներդրումային ծառայություններ մատուցողները կկարողանան հասարակությանն առաջարկել քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի ծառայություններ։ Իսկ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողները այդ հարթակների միջոցով հնարավորություն կունենան առանց թափանցիկության ծավալուն պահանջների արժեթղթերի վաճառքի միջոցով ներդրողներից ներգրավել տարեկան մինչև 2.5 մլրդ դրամ ֆինանսավորում։
Գևորգ Պողոսյան (reArmenia համագործակցության հարթակի տնօրեն) - էս հարթակների շնորհիվ մեզնից յուրաքանչյուրը, ամեն ֆիզիկական անձ, էն որ ամիսը, ասենք, չգիտեմ՝ 100 հազար դրամ կամ, ասենք, 1000 դոլար աշխատավարձ ա ստանում, ինքը կարա իրա աշխատավարձի ինչ-որ մի մասը ներդրում անի էդ ստարտափների մեջ ու ինքը փաստորեն ուղիղ ազդեցություն ունենա տնտեսության զարգացման վրա:
Կենտրոնական բանկը նշել է, որ պետք է հնարավորինս հաշվի առնվեն ներդրումների կորստի կամ իրացվելիության ռիսկերը: Ոլորտում գործող ընկերություններից մեկի տնօրենը զգուշացնում է՝ այստեղ ռիսկայնությունը անհամեմատ ավելի բարձր է, քան, օրինակ՝ բանկային ավանդների դեպքում:
Նարեկ Վարդանյան («Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության տնօրեն) - Սակայն նաև ներդրումների վերադարձելիությունն է անհամեմատ ավելի բարձր, որոշ գումարներ դու կարող ես ներդնել ցածր ռիսկային ոլորտներում, ինչպիսին բանկերն են, և որոշ գումարներ կարող ես ներդնել այնպիսի ընկերություններում, որոնց դու հավատում ես, որոնք հետագայում կարող են աճել, և մի քանի տարում կարող են 1000 անգամ և ավելի աճ գրանցել:
Գործընթացը սկսվել է 2020 թվականի վերջին, և ընդամենը 1 տարվա ինտենսիվ աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ արդյունքի հասնել: Գևորգ Պողոսյանի խոսքով՝ արդեն հիմա տարբեր խմբեր կան, որոնք պլանավորում են լիցենզիա ստանալ և օպերատոր դառնալ:
Գևորգ Պողոսյան - Ցանկացած կազմակերպություն, որ ուզում ա ներդրում ներգրավի, գալիս ա էդ պլատֆորմին ա դիմում, ներկայացնում ա իրա պրոյեկտը պլատֆորմի վրա, ու էդ պլատֆորմի միջոցով ամբողջ աշխարհից արդեն ներդրողները փոքր-փոքր գումարներով անգամ միանում են արդեն էդ հարթակի միջոցով ստարտափին, գումարները տալիս են, բաժնեմասերը ստանում են:
Ակնկալվում է, որ ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից ներդրումներ կանեն: Իսկ 2.5 մլրդ դրամ սահմանաչափը կարող է ավելանալ, եթե ոլորտը մեծ ակտիվություն ցուցաբերի:
Նարեկ Վարդանյան - Իրականում շատ քիչ ընկերությունների է հաջողվում այսպես երկարաժամկետ շատ անհավանական մեծ հաջողությունների հասնել, բայց կամաց-կամաց այդ մշակույթը կմտնի Հայաստան:
Քրաուդֆանդինգի հարթակներում օպերատորն է գնահատում փաստաթղթերի համապատասխանությունը, իսկ Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում կատարված ներդրումների և նաև վերադարձի համար:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան