ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱԿՐՈՆ-ՇՈԼՑ-ՊՈՒՏԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերը շարունակվում են։ Այս համատեքստում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնէլ է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկու կոչերին՝ «ավելին անել Ուկրաինայի համար» և երկրում ոչ թռիչքային գոտի սահմանել՝ Էմանուել Մակրոնը հիշեցրել էր՝ Եվրամիությունը հակամարտության կողմ չէ։ «Այնուհանդերձ, ցանկանում եմ վերահաստատել մեր վճռականությունը՝ անելու ամեն ինչ, որպեսզի այս հակամարտությունը դադարեցվի, և խաղաղությունը վերադառնա Ուկրաինա»,- հավելել էր նա։
ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՆՈՐՎԵԳԻԱ-ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ՎՐԱՍՏԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորվեգիայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի հրամանատարությանը տեղեկացրել է Նորվեգիայի Թագավորության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ մի շարք այլ երկրների զինված ուժերի առաջիկա զորավարժությունների նախնական պլանի մասին:
Զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 28 անդամ պետություններից և դաշինքի գործընկերներից շուրջ 40 հազար մարդ, կանցկացվեն 2022 թ. մարտ-ապրիլ ամիսներին:
Բացի դրանից, Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 20-25-ը հանրապետության տարածքում կանցկացվեն Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժություններ:
ՌԴ ՊՆ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ՕՐԸ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 16-րդ օրն ամփոփել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները խոցել են 5 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 2 «Բայրաքթար»։ Ընդհանուր առմամբ, շարքից հանվել է շուրջ 3500 ուկրաինական ռազմական օբյեկտ։ Կոնաշենկովն ընդծել է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը։ Նշվում է, որ ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ է անցել Ուկրաինայի տարածքում գտնվող աերոդրոմներից մեկը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ տվյալներ է ներկայացնում ռուսական կողմի կորուստների մասին։ Կառույցի տվյալով՝ հատուկ գործողության սկզբից զոհվել է ավելի քան 12000 զինծառայող, խոցվել 2000-ից ավելի զինտեխնիկա։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն էլ հայտնել է, որ մի շարք քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանելու համար կբացվեն հումանիտար միջանցքներ։ Նա հավելել է, որ դրանք գործելու են 14 ուղղությամբ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևից։
ԱՄՆ-ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ. ՌՅԱԲԿՈՎ
ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներն արդեն պատրաստ են և շուտով կհրապարակվեն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ուկրաինայի հարցով բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն վարում: ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան մշտապես ընդգծել է, որ միակողմանի զիջումների չի գնա ռազմավարական կայունության հարցում, սակայն ԱՄՆ-ում դա չեն լսել:
Անդրադառնալով անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված՝ Ռուսաստանի առաջարկներին՝ Ռյաբկովը նշել է, որ դրանք այլևս արդիական չեն, իրավիճակը լիովին փոխվել է: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տրամադրված է վերականգնելու ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ հայտնել է փոխարտգործնախարարը։
Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ, դրա համար նախադրյալներն առկա են։
ԲԵԼԱՌՈՒՍԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ
Բելառուսը կես տարով երկարաձգել է հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը: Սահմանափակումները վերաբերում են նաև ԵԱՏՄ անդամ երկրներին: Համապատասխան որոշումն ընդունել է Նախարարների խորհուրդը:
Արգելքը վերաբերում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, մանրացված հացահատիկի, արևածաղկի սերմի և այլ հացահատիկների ու սերմերի արտահանմանը: Բացառություն է արվել հումանիտար օգնության և տարանցիկ փոխադրումների համար։
Հացահատիկի արտահանման սահմանափակումները Բելառուսում գործում են անցյալ տարվա օգոստոսի վերջից։
ԱՓՍՈՍԱՆՔ ՎԻԵՆՆԱՅԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԱՌԹԻՎ
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ափսոսանք են հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնմանը շուրջ Վիեննայի բանակցությունների ժամանակավոր դադարեցման կապակցությամբ: Այդ մասին ասված է բանակցողների համատեղ հայտարարության մեջ։
«Ոչ ոք չպետք է փորձի օգտագործել բանակցությունները՝ ստանալու երաշխիքներ, որոնք չեն վերաբերում գործարքին։ Դա վտանգի տակ է դնում գործարքը, և իրանցիներին կզրկի պատժամիջոցների չեղարկման հնարավորությունից»,- նշված է հայտարարության տեքստում:
Չնայած դրան՝ եվրոպացի բանակցողները նշել են, որ «համապարփակ գործարքը» պատրաստ է, իսկ Եվրամիությունը պատրաստ է այն ստորագրելու: