ԲԱՅԴԵՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԴՈԼԱՐԱՅԻՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ՎԱՃԱՌԵԼ ՌԴ-ԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է դոլարային թղթադրամներ վաճառել կամ մատակարարել Ռուսաստանին։ Միաժամանակ, ամերիկացիներին թույլատրվել է իրենց հետ ՌԴ տարածք տանել կանխիկ դոլար: Այդ մասին նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Կարգելվի նաև Ռուսաստանից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանին մի շարք թանկարժեք ապրանքների մատակարարումը: Սա, Բայդենի խոսքով, Ռուսաստանին 1 մլրդ դոլարի վնաս կհասցնի։
Իր ելույթում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը չեն պատրաստվում Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը։
«Այդ նպատակով մենք 12000 զինվորական ենք ուղարկել Ռուսաստանի հետ սահման։ Սակայն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմ է նշանակում, հարկավոր է կանխել դա»,- ընդգծել է Բայդենը:
ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քննարկել հումանիտար, տնտեսական և այլ ոլորտներում Ուկրաինային աջակցության տրամադրման հնարավորությունը։ «Ես տեղեկացրել եմ Զելենսկուն այն գործողությունների մասին, որոնք մենք ձեռնարկում ենք Մեծ յոթնյակի և Եվրամիության հետ»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Զելենսկու խոսքով էլ՝ նախագահները պայմանավորվել են պաշտպանական ոլորտում Ուկրաինային աջակցության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԱՍՆԵԼ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ. ՊՈՒՏԻՆ
Ուկրաինայի հետ բանակցություններում հաջողվել է հասնել դրական տեղաշարժի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
«Հիմա ուկրաինական կողմի հետ բանակցություններն անցկացվում են գրեթե ամենօրյա ռեժիմով։ Մեր բանակցողներն ինձ զեկուցել են, որ դրական զարգացումներ կան»,- նշել է Պուտինը։
Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտի խոսքով՝ Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են աշխարհում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Նրանք կարծիք են հայտնել, որ եթե ուկրաինական կողմը ցանկանա, հակամարտությունը հնարավոր կլինի դադարեցնել ցանկացած պահի։
Նախագահները պայմանավորվել են նաև Մինսկին ժամանակակից ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին փոխադարձ աջակցության տարբերակներին, այդ թվում՝ էներգակիրների գնի հարցերին։
ՄԱԿՐՈՆՆ ՈՒ ՇՈԼՑԸ ԿԶՐՈՒՑԵՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջիկա ժամերին կզրուցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել է Մակրոնը Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկու կոչերին՝ «ավելին անել Ուկրաինայի համար» և երկրում ոչ թռիչքային գոտի սահմանել՝ Մակրոնը հիշեցրել է՝ Եվրամիությունը հակամարտության կողմ չէ։ «Այնուհանդերձ, ցանկանում եմ վերահաստատել մեր վճռականությունը՝ անելու ամեն ինչ, որպեսզի այս հակամարտությունը դադարեցվի, և խաղաղությունը վերադառնա Ուկրաինա»,- հավելել է նա։
ԵՄ-Ն ՁԳՏԵԼՈՒ Է «ԱՆՋԱՏԵԼ» ՌԴ-Ն ԱՇԽԱՐՀԻՑ. ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ
Եվրահանձնաժողովը մտադիր է ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Եվրամիությունը ձգտելու է «անջատել» Ռուսաստանն աշխարհից»,- նշել է պաշտոնյան։
Կառույցի առաջարկած պատժամիջոցները նախատեսում են Ռուսաստանի անդամակցության դադարեցում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին։ Սահմանափակումներ կմտցվեն արտահանման և ներդրումների ոլորտներում։
ՄԱՐՏԻ 14-ԻՑ ՌԴ-ՈՒՄ ԻՆՍՏԱԳՐԱՄԸ ԿԱՐԳԵԼԱՓԱԿՎԻ
Instagram սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ մարտի 14-ից ցանցը Ռուսաստանում կարգելափակվի։ Նրա խոսքով՝ 80 միլիոն ռուս օգտատեր կզրկվի միմյանց և մնացած աշխարհի հետ կապից։
Նախօրեին «Ռոսկոմնադզորը» հայտարարել էր Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակելու մասին։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ նման որոշում է կայացվել՝ ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի պատճառով։
Ավելի վաղ Meta ընկերությունը որոշում էր կայացրել ժամանակավորապես չարգելափակել ՌԴ զինվորականների հանդեպ ազգային պատկանելության հատկանիշով բռնության կոչերը Facebook և Instagram հարթակներում։