ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ, Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածք էին այցելել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Դավիթ Դանիելյանը և Նարեկ Ղահրամանյանը։
Կապանցի մի խումբ երիտասարդներ դիմել էին Դավիթ Դանիելյանին` պատրաստակամություն հայտնելով ֆինանսական ներդրում կատարել հուշարձանի վերականգնման համար։
Դավիթ Դանիելյանի փոխանցմամբ` Կապանի կենտրոնական մասում գտնվող եկեղեցին առաջիկայում կվերականգնվի։ Մեկ-երկու շաբաթից հուշարձանի տարածքում կաշխատեն հնագետները։ Պեղումներից հետո կմեկնարկեն վերականգնման աշխատանքները, կբարեկարգվի տարածքը։
Պատգամավորի խոսքով` ոգևորիչ է, երբ քաղաքացիները մտահոգ են մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցով։
«Պատմամշակութային ժառանգությունը մեր ազգի, մեր պետության անձնագիրն է, ու պետք է այն պահպանել»,- շեշտել է Դավիթ Դանիելյանը։
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դդ.-ում: Ունի արևելքում կիսաշրջան խորանին կից ուղղանկյուն ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածք: Թաղակիր կամարները հենվում են երկայնական պատերի զույգ որմնամույթերի վրա: Մուտքը հարավից է՝ կառուցված անմշակ և կոպտատաշ քարերով: Տանիքը հողածածկ է, եկեղեցու շուրջը պահպանվել են գերեզմանոցի մնացորդները: