Երևանի համար 101 դպրոցի 11-րդ դասարանում սովորող Սուսաննան կրթության նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներից է: Նոր կազմով խորհուրդը, որում ընդգրկված է 8-11-րդ դասարանների 45 աշակերտ Երևանի ու մարզերի պետական և ոչ պետական դպրոցներից, վերջերս է առաջին հեռավար նիստը գումարել:
Քննարկել են նաև կրթության զարգմացման պետական ծրագրի նախագիծը:
Սուսաննան, որ նաև իր դպրոցի աշակերտական խորհրդի նախագահն է, կրթության ոլորտում երկու հիմնական խնդիր է առանձնացնում: Նախ՝ քովիդի համավարակի հետևանքները:
Սուսաննա Շախվալադյան (ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամ, Երևանի համար 101 դպրոցի սովորող) - Բոլորիս հայտնի է, որ մեծ սպառնալիք հանդիսացավ ու ազդեց կրթության որակի վրա, անցանք օնլայն դասերի, ու, ցավոք սրտի, մեր երկիրը պատրաստ չէր դեռևս դրան, դրա համար աշակերտների շրջանում կրթական մակարդակը նվազեց:
Հաջորդ լուրջ խնդիրը համարում է ուսումնառության տևողության ու ստացած արդյունքի անհամապատասխանությունը, երբ 12 տարի սովորելուց հետո ձեռք բերած գիտելիքը համարժեք է ընդամենը 8.3 տարվա: Սուսաննան հույս ունի՝ այս և ոլորտի շատ այլ խնդիրներ կլուծվեն, երբ սկսի գործել կրթության զարգացման ծրագիրը:
Սուսաննա Շախվալադյան - Ծանոթացել եմ ծրագրին, անկեղծ ասած, ինձ շատ դուր է գալիս: Եթե, փառք Աստծո, կարողանանք ինչպես ծրագրում է ներկայացված մինչև 2030 թվականը ամեն ինչ հավուր պատշաճի արվի, կունենանք կրթության առումով շատ զարգացած երկիր:
11-րդ դասարանում սովորող մեր զրուցակիցը վստահեցնում է՝ աշակերտական խորհրդի անդամները կաշկանդվածություն չունեն ազատ կարծիք հայտնելու:
Սուսաննա Շախվալադյան - Իրականում քննարկումները, հնչած հարցերը, կարծիքները, առաջարկները այնքան լավն ու որակյալ էին, և մենք լսելով, թե ինչպես են նախարարն ու փոխնախարարը լսում, մեր հարցերին պատասխանում, հասկանում ենք, որ պետությանը հետաքրքրում են մեր խնդիրները: Եթե դու տեսնում ես, որ քեզ լսում են, քո առաջադրած խնդիրը գտնում է իր լուծումը, բնականաբար, աշակերտը անկաշկանդ է լինում ու հաջորդ անգամ ինչ-որ խնդրի բախվելիս չի վախենում ու դիմում է, բարձրաձայնում է:
Կրթության նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից աշակերտական խորհուրդը կարևոր խողովակ է համարում:
Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Դա մի խողովակ է մեզ համար, որտեղ մենք կարողանում ենք մեր կրթության ամենակարևոր մարդկանց՝ մեր սովորողների հետ քննարկել իրենց հուզող հարցերը, նախարարության առաջարկները, նախագծերը, գաղափարները, և այդ երկխոսության մեջ հասկանալ՝ ի՛նչ խնդիրներ կան, ի՛նչ առաջարկներ իրենք ունեն, և պետք է ասեմ, իրոք շատ օգտակար հարթակ է:
Փոխնախարարը ևս վստահ է, որ խորհրդի անդամ աշակերտներին ոչինչ չի կաշկանդում ասել այն, ինչ մտածում են: Հակառակի մասին հնարավոր տպավորությունները, ըստ նրա, թյուր են: Ավելին, նախարարի հետ արձանագրել են, որ աշակերտներն ավելի սուր ու բովանդակային հարցեր են իրենց ուղղում, քան նույն օրն առավոտյան արել էին լրագրողները՝ նույն ծրագրի վերաբերյալ ասուլիսում:
Ժաննա Անդրեասյան - էնպես չէ, որ որևէ անգիր հարց ենք լսել կամ որևէ ձևական հարց ենք լսել: Խոսում են իրենց հետաքրքրող խնդիրներից, և շատ ուրախ եմ, որովհետև սա նաև ցույց է տալիս, որ տեսնում են այս ծրագրի կապը իրենց սովորելու, իրենց ամենօրյա կյանքի հետ և նաև կարծում են, որ կարող են այդ հարցերը բարձրացնել:
Անդրեասյանը գոհունակությամբ է ընդգծում՝ աշակերտներին հետաքրքրում է, թե ինչ է լինելու իրենցից հետո, որպեսզի հետագա սովորողներն էլ չբախվեն նույն դժվարություններին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան