Էջմիածնի ամենածայրամասային թաղամասերից մեկը՝ Սասունցի Դավիթը, որ նախկինում Պետտնկարան է կոչվել, մշտապես տեղի իշխանությունների ուշադրությունից դուրս է եղել: Թաղամասում նույնիսկ բարեկարգ բակեր չկային, որտեղ երեխաները՝ խաղալու, իսկ մեծերը՝ հանգստանալու հնարավորություն ունենային: Քաղաքի ակտիվիստներից Մարիամը, որ այդ թաղամասում է մեծացել, լավ գիտի՝ իրենց ի՛նչ է պետք:
Մարիամ Խանչալյան («Յութ քոմյունիթի» ՀԿ համահիմնադիր) - Բազում խնդիրներ կան այստեղ, դրանցից մեկն էլ այն է, որ երեխաներն ու երիտասարդները զբաղվելու տեղ չունեն: Սպորտի պարապմունքները, դասերը լինում են քաղաքի կենտրոնում, իսկ սա քաղաքից այնքան հեռու է, որ ոտքով մինչև կենտրոն գնալ չենք կարող:
Դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպությունը, որի համահիմնադիրներից է Մարիամը, որոշել է այս թաղամասում հանգստի գոտի հիմնել: Բայց ծրագիրը կյանքի կոչելու համար գումարը չէր բավականացնում: Ակտիվիստների թիմին միացավ նաև Վաղարշապատ համայնքի ավագանու ՔՊ-ական թևը:
Անդրանիկ Կարապետյան (Վաղարշապատ համայնքի ղեկավարի խորհրդական) - Կոչ արեցի ավագանու ՔՊ-ական անդամներին, որոնք միացան կոչիս: Երիտասարդների գումարին մենք էլ ավելացրեցինք և Սասունցի Դավիթում ունեցանք մարզահրապարակ:
Նոր մարզահրապարակը ակտիվիստների ու ավագանու ՔՊ խմբակցության համատեղ՝ առաջին ու շարունակվող նախագծերից է: Հրապարակի առկայությունը ակտիվացրել է թաղամասի կյանքը: Բարեկարգված բակում հիմա և՛ զրուցարան կա, որտեղ կարող են հավաքվել, նույնիսկ սուրճ խմել, և՛ մարզագույք՝ նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար: Տիգրանն ու ընկերներն արդեն գիտեն՝ ինչով են զբաղվելու դասերից հետո:
Տիգրան (համայնքի բնակիչ) - Գնալու եմ տուն, դասերս անեմ, գամ մարզվեմ, շատ ուրախ եմ:
Սերգեյ Զիրոյան (Էջմիածնի բնակիչ) - Բարեկարգել են, ծառերը էտել են, կաթիլային համակարգ էլ են կառուցելու, որ ծառերը ջրեն:
Սա երկրորդ մարզահրապարակն է քաղաքի կենտրոնից հեռու թաղամասում: Առաջինը՝ Զվարթնոցում, կառուցել ու Էջմիածնին է նվիրել մարզասարքեր արտադրող ընկերությունը: Մյուս հրապարակները կկառուցվեն համայնքի միջոցներով:
Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) - Շարունակական է լինելու՝ տարբեր թաղամասերում: Գեղեցիկ ավանդույթ է, մանավանդ որ երեխաները որևէ տեղ չունեն գնալու, իսկ այստեղ կարող են մարզվել:
Սասունցի Դավիթ թաղամասում շուտով նաև ֆուտբոլի դաշտ կամ թենիսի կորտ կլինի: Իսկ մինչև այդ թաղամասի բնակիչները սանիտարական մաքրում ու ծառատունկ կանեն: