Մարտի 8-ին դեսպան Արմելլա Շաքարյանն իր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամմատտեիին։
Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից տեղեկանում ենք՝ այցելության ընթացքում դեսպանը հանդիպել է արտաքին գործերի նախարար Մարիո Բուկարոյի և մշակույթի նախարար Ֆելիպե Ագիլարի հետ։
Կողմերը պայմանավորվել են փոխադարձ ջանքեր գործադրել երկկողմ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Միաժամանակ դեսպանն այցելել է երկրի խորհրդարան և հանդիպում ունեցել նախագահ Շիրլի Ռիվերայի հետ։
Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը՝ կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի և Գվատեմալայի խորհրդարանների միջև։
Խորհրդարանում գտնվելու ընթացքում Ա․ Շաքարյանը քննարկում է ունեցել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մանուել Կոնդեի հետ։
Գվատեմալայում գտնվելու ընթացքում դեսպանն այցելել է նաև Կենտրոնական Ամերիկայի խորհրդարան։ Հաստատության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը Կենտրոնամերիկյան խորհրդարանի հետ։