Խցակիցների միջև վեճերը, շատ դեպքերում անազատության մեջ գտնվողի կյանքին ու առողջությանը վտանգ են սպառնում, բանտախցերում խոշտանգումների դեպքեր ևս արձանագրվում են: Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, որպեսզի դատապարտված և կալանավորված անձինք ավելի պաշտպանված լինեն: Ցանկացած ոտնձգության դեպքում ազատազրկվածն իրավունք ունի դիմելու ՔԿՀ-ի ղեկավարությանը ու տեղեկացնել, որ, օրինակ՝ իր կյանքին վտանգ է սպառնում ու ցանկանում է տեղափոխվել առանձին խուց: ՔԿՀ-ի պատասխանատուն պարտավորվում է այն իրականացնել առավելագույնը 2 ժամում, եթե նույնիսկ ուշ գիշեր է:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Կարող է հիմնարկի պետի որոշմամբ պահվել առանձին, մինչև որ տվյալ վտանգը չեզոքացվի: Այսինքն՝ կարողանա որոշակի աշխատանքներ տանել խցակիցների հետ, որպեսզի նրանց կողմից այլևս ոտնձգություններ չարվեն:
Ըստ նախագծի՝ սկզբնական որոշումից հետո 5-րդ օրը հիմնարկի ղեկավարը պետք է այն վերանայի և վտանգը չեզոքացված լինելու դեպքում միայն որոշի՝ դատապարտյալը կվերադառնա՞ խուց, թե՞ ոչ: Այստեղ հաշվի է առնվելու նաև բողոքը ներկայացրած մարդու կարծիքը:
Արփինե Սարգսյան - Եվ դրանից հետո որոշում կայացվի՝ իր տեսանկյունից պետք է ասի՝ ռիսկ կա՞, թե՞ վերացել է:
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ընդգծում է՝ կարևոր է նաև կանխարգելիչ գործառույթի կիրառումը: Սա այն դեպքն է, երբ խցակիցները մեկ անձի դեմ են բողոք ներկայացնում: Այս դեպքում մեկուսացումը տևում է առնվազն 24 ժամ: Իսկ արդյոք 10 ՔԿՀ-ում բանտախցերը բավարարո՞ւմ են ծրագիրը կյանքի կոչելուն: Փոխնախարար Արփինե Սարգսյանը վստահեցնում է՝ նախապես գույքագրել, հաշվարկվել են բոլոր ռիսկերը:
Փոփոխություններ նախատեսվում են նաև դատապարտված անձանց տեղաբաշխման գործընթացում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր ազատազրկվածի դեպքում անհատական մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, մերձավոր ազգականների հետ կապը:
Արփինե Սարգսյան - Ո՞րն է միջազգային փորձը՝ կա դատապարտյալների դասակարգման ու գնահատման համակարգ, սա թույլ է տալիս ի սկզբանե ՔԿՀ մուտք գործելուց հետո գնահատել անձի կրկնահանցագործության ռիսկը, կրիմինոգեն կարիքը և ըստ այդմ ձևավորել համապատասխան անհատական պլան: Անձը կարող է կրթության խնդիրների պատճառով էլ կրկնահանցագործություն կատարել, կամ արդյոք եղել են ընտանեկան խնդիրներ, որոնք հանգեցրել են հանցագործության կատարմանը, կամ այլ խնդիրներ:
«Կոշ» ու «Հրազդան» ՔԿՀ-ներում փակվելուց առաջ տեղաբաշխման գործընթացն արդեն փորձարկվել է: Անազատության մեջ գտնվողները առանձնազրույցի միջոցով են տեղափոխվել այլ հիմնարկներ, հաշվի են առնվել բոլոր կարիքները: Գործընթացից բողոքներ չեն եղել: