Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում է գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսանկյունից շատ վտանգավոր են, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:
ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար, 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել: Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան:
Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։ Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։ Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։
Արցախի ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: