Աշխարհաքաղաքական գործընթացները շարունակում են ազդել գլոբալ տնտեսության զարգացումների վրա: Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին ընկերությունների արժեթղթերի, նավթի, գազի, ինչպես նաև այլ հումքային ապրանքների գները, նաև՝ գնաճի տեմպերը փաստացիորեն անկանխատեսելի են դարձել:
Օրեր առաջ ռեկորդային ցուցանիշից հետո գազի գինը Եվրոպայում հերթական կտրուկ փոփոխությունն է գրանցել՝ այս անգամ 3900-ից նվազելով մինչև 1300 դոլարի: Ավելի վաղ ներդրողները մտավախություններ ունեին, որ կամ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, կամ Հին աշխարհամասի երկրները պատժամիջոցների տեսքով կփորձեն սահմանափակել ռուսական կապույտ վառելիքի մուտքը: Ներկայում որոշակի վստահություն կա, որ կողմերը նման քայլի չեն դիմի, ինչն էլ նպաստել է գազի գնի նվազմանը:
Շաբաթներ շարունակվող թանկացումից հետո զգալիորեն իջել են նաև նավթի բորսային գները: Բրենտ տեսակի մեկ բարել նավթի համար երեք օր առաջ 2008 թվականից հետո առաջին անգամ առաջարկվում էր ավելի քան 138 դոլար: Այսօր այն վաճառվում է 112 դոլարով: Պատճառը՝ Միացյալ Նահանգների նավթի պաշարներն են, որոնք ավելացել են 2,8 միլիոն բարելով:
Սակայն, մասնագետների կարծիքով, այս անկումը ժամանակավոր է: Աշխարհաքաղաքական լարվածությունը առաջիկա շաբաթներին շարունակելու է նպաստել նավթի թանկացմանը: Ըստ որոշ կանխատեսումների՝ նավթի միջազգային գինն այս տարի կարող է գերազանցել երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը՝ հատելով 147 դոլարի սահմանը:
Ռուսաստանի նկատմամբ տարբեր երկրների և կառույցների պատժամիջոցային ճնշումը շարունակվում է: Ռուսական ֆոնդային բորսաներն արդեն երկու շաբաթ առուվաճառք չեն իրականացնում: Երկրի Կենտրոնական բանկը այդպիսի քայլի է գնացել՝ ռուսական ընկերությունների արժեթղթերի փլուզումը կանխելու համար: Ներդրողներն այժմ հնարավորություն չունեն ո՛չ վաճառել ռուսական ընկերությունների արժեթղթերը, ո՛չ օգտագործել դոլարով բրոքերային հաշիվների գումարը:
Միացյալ Նահանգների բորսաներում նման վայրիվերումներ չկան, սակայն գնաճի մասին վերջին վիճակագրությունը զգալիորեն փլուզել է շուկաները: ԱՄՆ-ում գրանցվել է վերջին տարիներին գնաճի ամենաբարձր ցուցանիշը՝ փետրվարին այն հասել է 7,9 տոկոսի: