Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ափսոսանք են հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնմանը նվիրված՝ Վիեննայի բանակցություններում հայտարարված դադարի կապակցությամբ: Այդ մասին ասված է եվրոպական կողմի երեք բանակցողների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։
«Հիասթափություն է առաջացնում այն, որ ԵՄ համակարգողը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել Վիեննայի բանակցություններում»,- նշվում է հայտարարությունում:
Չնայած դրան՝ եվրոպացի բանակցողները նշել են, որ «ազնիվ և համապարփակ գործարքը» պատրաստ է, և երեք կողմերը պատրաստ են այն ստորագրելու:
«Ոչ ոք չպետք է փորձի օգտագործել ԳՀՀԾ-ի բանակցությունները, որպեսզի ստանա երաշխիքներ, որոնք չեն վերաբերում գործարքին։ Դա վտանգի տակ է դնում գործարքը, ինչն Իրանին կզրկի պատժամիջոցների չեղարկման հնարավորությունից, իսկ միջազգային հանրությունը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքներից։ ԳՀՀԾ-ի վերաբերյալ գործարքը քննարկման փուլում է և հրատապ պետք է ավարտվի»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ: