2021 թվականին Հայաստան է ներկրվել 6645 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, միայն 1898-ը՝ էլեկտրամոբիլ: Կանաչ մեքենաների ներկրումը 2020-ի համեմատությամբ 3 անգամ աճել է, 2020-ին 2155 ներկրված էլեկտրական տրանսպորտային միջոցներից 358-ն էին էլեկտրամոբիլ, իսկ 2017-2019 թվականներին՝ 42-ը: Այս դինամիկան պետության և ԵԱՏՄ-ի սահմանած արտոնությունների արդյունքն է:
Մինչև 2021-ի ավարտը էլեկտրական տրանսպորտային միջոցները ազատված էին մաքսատուրքից և ԱԱՀ-ից: Այս տարվանից կանաչ տրանսպորտի համար գործում է 15 տոկոս մաքսատուրք, իսկ բենզին-դիզելային մեքենաներինը՝ 35 տոկոս:
Լուսինե Ավետիսյան (ՀՀ ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետ) - 2021 թվականի դեկտեմբերին ընդունվեց օրենքը Հարկային օրենսգրքի լրացումով, և դրանով ևս 2 տարով ԱԱՀ-ից ազատվեցին էլեկտրամոբիլների ներկրումը և օտարումը:
Հարկային արտոնությունները դրդում էին մարդկանց ուշադրություն դարձնել օդը չաղտոտող մեքենաներին: Սկզբում սպասարկման ու լիցքավորման հետ կապված խնդիրներ էին առաջանում, Ավետիսյանի պնդմամբ՝ հիմա բարելավվել են նաև ենթակառուցվածքները:
Լուսինե Ավետիսյան - Բավականին ավելացել են ենթակառուցվածքները՝ լիցքավորման կայանները, դրանց թիվը այսօր մոտ 90 է, որին կարող եք ծանոթանալ «Պլագ շեյր» հավելվածի միջոցով, դրանց տեսակի մասին բնորոշ կոորդինատները նշված են, ինչպես նաև կոորդինատային տվյալներով՝ որտեղ ինչ լիցքավորման կայան կա:
Այսօր արդեն էլեկտրամոբիլների ներկրման տեմպերը փոխվել են: Պաշտոնական թվերը կամփովեն այս տարվա առաջին եռամսյակի ավարտին, մինչդեռ Ավտոներկրողների միության նախագահը արդեն իսկ նշում է, որ էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է:
Տիգրան Հովհաննիսյան (Ավտոներկրողների միության նախագահ) - Թանկացումներից հետո, կարող եմ ասել՝ եռապատիկ, հնգապատիկ նվազել է էլեկտրական մեքենաների ներկրումը: Աճուրդներում մրցակցությունը էլ ավելի բարձրացել ա, այնտեղ էլ են գները բարձրացել: Էլեկտրական մեքենաների ներկրումը հենց դրա համար ա նվազել, որ աճուրդներում էլ ա թանկացել:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ էլեկտրամոբիլները սկսել են անգամ Հայաստանի ներսում դժվար վաճառվել: Մինչդեռ անգամ այս թանկացման պարագայում էլեկտրամոբիլների համար վճարվող հարկերը ավելի քիչ են:
ՇՄՆ-ից հիշեցնում են՝ մաքսատուրքի կիրառումը ԵԱՏՄ պահանջ էր, որին Հայաստանը դեմ էր, սակայն միության որոշումը չի փոխվել:
Կառավարությունը որոշել է մեղմել իրավիճակը ԱԱՀ-ից ազատելով: