ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ընթացիկ հարցերը քննարկելու ընձեռված հնարավորությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է տրանսպորտի ոլորտի հետ կապված հարցեր։ Երկուստեք ընդգծվել է, որ աշխատանքները տարվում են հստակ ժամկետներում։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդրահարույց հարցեր։
Քննարկվել են նաև ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված հարցեր։
Հանդիպման ավարտին Տեմիրբեկ Ասանբեկովը պատվոգրեր է հանձնել նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանին և Հակոբ Վարդանյանին Եվրասիական ինտեգրման գաղափարի հանրայնացման գործում նշանակալի ավանդի, եվրասիական ինտեգրման զարգացման գործում ակտիվ համագործակցության, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման մասնակցության հարցում ունեցած ներդրման համար։
Շնորհակալագիր է հանձնվել նաև ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության աշխատակից Վարդուհի Չախալյանին։