Վերջին ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությունում արձանագրված հերթի գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու և քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու առաջնահերթությունից ելնելով՝ գործակալությունն անցել է սպասարկման արտակարգ ռեժիմի: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Երևան քաղաքի սպասարկման բաժնի աշխատանքների իրականացմանն են միացել մարզային գրասենյակների 7 աշխատակից, ինչպես նաև Հասարակական միավորումների գրանցման և Հրապարակային ծանուցումների բաժնի աշխատակիցներ, արդյունքում Երևան քաղաքում սպասարկում իրականացնող աշխատակիցների թիվը էականորեն գերազանցում է ստանդարտ օրերին դիմումներ ընդունող աշխատակիցների քանակին։
Սպասարկման՝ Կոմիտաս 49/3 հասցեում գտնվող գրասենյակի, Երևանի հանրային ծառայությունների միասնական գրասենյակի, ինչպես նաև Արդարադատության նախարարության ընդունարանի մի քանի պատուհաններ ժամանակավորապես տրամադրվել են Պետական ռեգիստրի գործակալությանը՝ դիմումներ ընդունելու և հաշվառման/գրանցման գործառույթներ իրականացնելու նպատակով։ Նախաձեռնված քայլերի արդյունքում արդեն իսկ նկատվել է դրական տեղաշարժ։
Արդարադատության նախարարությունը լիահույս է, որ ձեռնարկված միջոցները բավարար կլինեն արձանագրված գերծանրաբեռնված հերթերի խնդիրը լուծելու համար։