Լուկաշինցի Սուրեն Գալոյանի ցորենի արտը կանաչին է տվել: Պարարտացնելու իսկական ժամանակն է. եղանակը նպաստավոր է, հողը՝ խոնավ: Բայց պարարտանյութն այնքան է թանկացել, որ գյուղացին ի վիճակի չէ այն ձեռք բերել շուկայական գնով:
Սուրեն Գալոյան (Լուկաշին համայնքի բնակիչ) - Արդեն պիտի լիներ պարարտանյութը, որ ցորենը պարարտացնեինք, եղանակն անձրևային է՝ ճիշտ ժամանակը, բայց քանի որ թանկ է, մարդը փող չունի՝ գնի, պարարտացնի:
Գյուղացու ֆինանսական բեռը թեթևացնելու համար Կառավարությունն աջակցության ծրագիր է իրականացնում՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ կտրամադրի մինչև 3 հա հող ունեցող գյուղացիական տնտեսություններին:
Գևորգ Զեյնալյան (Լուկաշինի վարչական շրջանի ղեկավար) - Կալիումականը, ֆոսֆորականը ծառերի համար է. երբ ուզենք՝ կարող ենք տալ. ապրիլին, մայիսին: Դա լավացնում է բերքի որակը, ծառը չի հիվանդանում:
Ծրագիրն իրականացվելու է մատակարարի կողմից վաճառվող պարարտանյութերի վաճառքի գնի 50 տոկոսի փոխհատուցմամբ. 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով պետությունը կսուբսիդավորի 9000 դրամը:
Արթուր Այվազյան (Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Մեկ հեկտարի հաշվով գյուղտնտեսությունը կարող է վերցնել ազոտական պարարտանյութը՝ մինչև 500 կգ, ֆոսֆորականը՝ 400, կալիումականը՝ 300 կգ:
Ռոբերտ Աղաբեկյանը 2 հա հող ունի: Կեսը խաղողի այգի է, մյուսում առվույտ է աճեցնում: Ասում է՝ եթե պետության համաֆինանսավորումը չլինի, չի կարող լիարժեք մշակություն իրականացնել: Միայն խաղողի այգու համար իրեն 1 տոննա պարարտանյութ է հարկավոր:
Ռոբերտ Աղաբեկյան (Լուկաշին համայնքի բնակիչ) - Էդ գումարը ի վիճակի չենք վճարել, չէինք կարող գնել 20 հազար դրամով: 10-ի փոխարեն 5 պարկ կառնեինք, որը արդյունք չէր տա: Բայց քանի որ Կառավարությունը սուբսիդավորում է, կարող ենք նույն չափի պարարտանյութ գնել, և մշակությունը նորմալ կընթանա:
Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել կողմերից միայն մեկը՝ ասում է մարզպետարանի ներկայացուցիչը: Արմավիրի մարզում մեծ թիվ են կազմում մինչև 3 հա հող ունեցողները: Ավելին ունեցողներն էլ ծրագրից դուրս չեն մնալու:
Արթուր Այվազյան - 3 հեկտարից ավելի հող ունեցողները կարող են պարարտանյութ ձեռք բերել 3 հա-ի հաշվով, իսկ տարբերությունը կարող են գնել շուկայական գնով:
Ծրագրին մասնակցելու համար շահառուները պետք է մինչև մարտի 21-ը հայտ ներկայացնեն համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարներին: Լուկաշինցի Սուրենը դիմումատուներից առաջինն է: Քանի դեռ հողը խոնավ է, շտապում է արտը պարարտացնել: