Անթալիա, Վերսալ, Մոսկվա՝ աշխարհաքաղաքական կարևորագույն հանդիպումների օրակարգում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է:
«Միասին մենք պետք է խաղաղ աշխարհ կառուցենք, ոչ երբեք պատերազմող»՝ Թուրքիայի նախագահի հենց այս կոչով է մեկնարկել Անթալիայի դիվանագիտական ֆորումը:
Ռեջեփ Էրդողանը ռուսական մշակույթի դեմ սահմանափակումները համեմատել է կրակի վրա բենզին լցնելու հետ։ Էրդողանի խոսքով՝ արևմտյան երկրներում ապրող էթնիկ ռուսների, ռուսական մշակույթի դեմ սահմանափակումներն անընդունելի են։
Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Մենք մերժում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն անտեսող ցանկացած քայլ։ Թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի մեր գործընկերների հետ զրույցներում ասել ենք սա։ Եթե 2014 թ․Ղրիմի օկուպացիայի ժամանակ ամբողջ Արևմուտքը դեմ դուրս գար, այսօր կունենայի՞նք այն, ինչ ունենք։ Սակայն այն ժամանակ լռողներն այսօր ինչ-որ բաներ են խոսում։ Ի՞նչ է, արդարությունն այս մոլորակի մի կետում անցնում է, մյուսում՝ ո՞չ:
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻԱՆԱԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Էրդողանի հռետորական հարցն այդպես էլ անպատասխան է մնացել: Ֆորումի խոսնակներն այլ հարցերի են պատասխանել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, օրինակ՝ իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին:
Ենս Ստոլտենբերգ (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) - ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը Ուկրաինայինն է: Բայց դաշինքի երեսուն անդամները պետք է որոշեն, թե արդյոք Ուկրաինան պատրա՞ստ է անդամակցության: Ոչ ոք չի ասում, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին անխուսափելի է և պետք է իրականություն դառնա մոտ ապագայում: Մենք խոսում ենք յուրաքանչյուր երկրի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքի մասին։
Մինչև ֆորումի մեկնարկը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարարի, նաև լրագրողների հետ: Առիթն օգտագործելով՝ նա Անկարային կոչ էր արել միանալ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին:
Ենս Ստոլտենբերգ - Այո՛, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն, այսպիսով, մենք կարող ենք ստիպել Ռուսաստանին վճարել իր արածի համար: Այս մասին տեղեկացրել եմ նաև պարոն Չավուշօղլուին։ Թուրքիան առանցքային դերակատարում ունի:
Թուրքիայի իշխանությունները, սակայն, այլ մոտեցում ունեն: Թուրքիան չի փակի օդային տարածքը Ռուսաստանի համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը և ընդգծել՝ դա կարևոր է ռազմավարական և հումանիտար տեսանկյունից։
Նախօրեին էլ Ուկրաինայի կենտրոնական բանկը կոչ էր արել Թուրքիայի կենտրոնական բանկին՝ դադարեցնել երկրում «Միր» ռուսական վճարային համակարգի քարտերով բոլոր գործառնությունները։ Այդ կոչը նույնպես մնացել է անարձագանք:
ԵՄ-Ն ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Անթալիայից` Վերսալ: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն այս օրերին քննարկվել է նաև Ֆրանսիական Վերսալում՝ Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում:
Հանդիպման ավարտից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում:
Ուրսուլա ֆոն դեր Լայեն (Եվրոպական հանձնաժողովի նախագահ) - Միասնությունը թույլ տվեց մեզ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երեք փաթեթ, որոնք ուղղակի հզոր ազդեցություն ունեցան: Մենք կընդունենք պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որն էլ ավելի կմեկուսացնի Ռուսաստանը համաշխարհային տնտեսությունից և կստիպի նրան ավելի մեծ գին վճարել իր քայլերի համար:
Մոսկվային նոր՝ ավելի մասշտաբային պատժամիջոցներով է սպառնացել Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը խոսել է նաև Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Եվրամիության խորհուրդը երեկ առանց երկիմաստության հստակ ուղերձ է հղել Ուկրաինայի եվրոպական ճակատագրի և ուղու մասին: Կարո՞ղ ենք արագացված կամ հատուկ ընթացակարգ իրականացնել մի երկրի հետ, որտեղ պատերազմ է: Պատասխանը միանշանակ է՝ ոչ:
Եվրամիության որոշումները Կիևի սրտով չեն: Վոլոդիմիր Զելենսկին դժգոհություն է հայտնել, որ Եվրամիությունը չի բավարարել Ուկրաինային արագացված ընթացակարգով անդամակցության հնարավորություն տալու դիմումը:
«Սա այն չէ, ինչ մենք սպասում ենք»,- հայտարարել է Զելենսկին:
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆ». ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Պատժամիջոցներն ու ոչ միայն. Մոսկվայում դեմ առ դեմ հանդիպել ու քննարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը, արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին և դրանց հակազդելու հնարավորությանը:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Մեր զարգացումը սահմանափակելու, այն զսպելու փորձեր միշտ արվել են, և դրանք արվում են նաև հիմա՝ ավելի մեծ ծավալով: Վստահ եմ, որ մենք կանցնենք այս դժվարությունների միջով և, ընդհակառակը, ձեռք կբերենք ավելի շատ իրավասություններ, ավելի շատ հնարավորություններ՝ զգալու մեզ անկախ, ինքնաբավ:
Խոսելով պատժամիջոցների մասին՝ Բելառուսի նախագահը դրանք որակել է որպես «հնարավորությունների շրջան»։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին` պատժամիջոցների հակազդման վերաբերյալ որոշումներ մշակելու համար:
Նախագահների հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն իր գործընկերոջը նաև հայտնել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում կան որոշակի դրական տեղաշարժեր:
ՊՈՒՏԻՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՆ
Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ Կրեմլի առաջնորդը համաձայնել է Դոնբասում կամավորներ ներգրավելու գաղափարին։ Նախագահի խոսքով՝ Մերձավոր Արևելքից կամավորներին, որոնք պատրաստ են աջակցելու Ռուսաստանի Դաշնությանը, պետք է օգնել՝ հասնելու պատերազմական գոտի։ Նա այսպես է արձագանքել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, թե շուրջ 16 հազար կամավորներ պատրաստ են օգնության հասնել Դոնեցկին և Լուգանսկին։
Իսկ այդ ընթացքում միլիոնավոր մարդիկ շարունակում են լքել Ուկրաինան: ՄԱԿ-ի տվյալներով` 2,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, ևս 2 միլիոնը ներքին տեղահանվածներ են։ Փախստականների մեծ մասը՝ ավելի քան 1,5 միլիոն մարդ, ապաստանել է Լեհաստանում։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից էլ հայտնել են, որ փետրվարի 24-ից Ուկրաինան լքել է 1 միլիոն երեխա: Միլիոնավոր երեխաներ այս օրերին շարունակում են ապրել Ուկրաինայում:
Այսօր ավարտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 16-րդ օրը: