Մարտի 14-ից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնի՝ կանխելու փողոցում մսի վաճառքի դեպքերը: Պատճառը նաև սպանդանոցների տերերից ստացված բողոքներն են:
Սերգեյ Ներկարարյան (սպանդանոցի ղեկավար) - Հունվար-փետրվար ամիսներին կարող եք նայել` մոտ 30 մսի խանութ կա Իջևանում, դրանցից երկուսը թե երեքն են, մերն են եղել, որ ունեցել են 5-րդ ձև:
Հակոբ Համբարձումյան (սպանդանոցի ղեկավար) - Եթե կարողանում եք ապահովել, որ ցանկացած խանութ վաճառի այնքան ապրանք, ինչքան որ ստացել է, հինգերորդ ձևով խնդիրը ապահովվում է, թե չէ՝ մնացածը լրիվ հեքիաթ է:
Շատ սպանդանոցներ հիմա անգործության են մատնված: Մինչդեռ բակային մորթն ակտիվ շարունակվում է՝ ասում են սպանդանոցների տերերը: Վաճառակետերում մսեղիքը պարտադիր պետք է վաճառվի հինգերորդ ձև կոչվող փաստաթղթով, որով ամրագրված է, թե կենդանին որ մարզում է պահվել, և որ կազմակերրպությունում է իրականացվել սպանդը: Կան դեպքեր, երբ մսի վաճառակետերում մեկ փաստաթղթով մի քանի կենդանու վաճառք են իրականացնում:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Սպանդանոցների սեփականատերեր կան, որ մեղադրում են այլ սպանդանոցներին թուղթ ծախելու համար: Մեղադրանքները սխալ տեղ եք հնչեցնում. դրա համար կան իրավապահ մարմիններ:
Արատավոր երևույթի մասին տեսչական մարմինը տեղյակ է, սակայն օպերատիվ-հետախուզական լիազորություններ չունի: Կարող են միայն տուգանել: 2020-ից մինչև օրս մսի վաճառքի պայմանների անհամապատասխանության 187 դեպք են հայտնաբերել ու տուգանել: Որպեսզի սպանդանոցները չկարողանան փաստաթուղթ տպել ու վաճառել, գործընթացը կհաշվառեն էլեկտրոնային եղանակով: Բացի դրանից՝ տեսուչները խանութներ հաճախ կայցելեն:
Նարեկ Հայրապետյան (ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ) - Նույն խանութը տեսուչը ստուգելու է շաբաթը մեկ, 10 օրը մեկ հաճախականությամբ: Եվ, մեր պատկերացումներով, երբ որ խանութը կեղծ թուղթ՝ հինգերորդ ձև ձեռք բերելու հնարավորություն չունենա և շաբաթը մեկ էլ տուգանվի փաստաթուղթ չունենալու պատճառով, իր դալալին, ղասաբին կասի՝ եղբայր, հերիք եղավ, գնացեք, ինձ նորմալ փաստաթղթով ապրանք բերեք:
Պատասխանատուների գնահատմամբ՝ աշնանից մեկնարկող կենդանիների համարակալման գործընթացը ևս առանց փաստաթղթի մսի վաճառքը վերահսկող գործիք կլինի: