Տաթև-Աղվանի ճանապարհով Հայաստան Իրանից եկող բեռնաուղևորափոխադրումների ծավալը գրեթե չի փոխվել: Գորիս-Կապան ճանապարհահատվածի այս այլընտրանքն իրեն արդարացրել է, նկատում է ՏԿե նախարարը: Կառուցմանը մասնակցել է երեք ընկերություն: Ամեն ինչ արվել է, որ օր առաջ ճանապարհը հանձնեն շահագործման, ինչն էլ, ըստ Գնել Սանոսյանի, որոշ հատվածներում ազդել է որակի վրա, խնդիրները կշտկվեն:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Երեք շինարարների կառուցած ճանապարհահատվածներ դեռևս ամբողջությամբ ընդունված չեն և վճարված չեն: Ընդ որում, երկու հատվածում ասֆալտի դեռ երրորդ շերտը տեղադրված չի: Մենք հասկանում էինք, որ ձմռանն ընդառաջ խնդիրներ կլինեն, և գարնանը պետք է այդ խնդիրները շտկել, նոր ասֆալտապատել, մեր կանխատեսումները, ցավոք սրտի, արդարացան, ճանապարհի տարբեր հատվածներում կան խնդիրներ։
Այն հատվածներում, որտեղ հնարավոր է եղել, ճանապարհն ավելի լայն է կառուցվել: Համեմատաբար նեղ են 11 կմ երկարությամբ Վերին Խոտանանի ու Տաթևի ձորի հատվածները: Վերին Խոտանան գյուղը շրջանցող 16 ոլորանի փոխարեն 6 ոլորան ունեցող այլ ճանապարհ էլ է այժմ կառուցվում, այլընտրանքային է նաև Տաթև-Լծենը, որը հնարավորություն կտա ճանապարհը կրճատել մոտ 10 կիլոմետրով:
Այս երկու մեծածավալ շինարարությունները նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ, այսպես կլուծեն Տաթև-Աղվանի ճանապարհի նեղ հատվածների խնդիրը:
Գնել Սանոսյան - Ստիպված եղանք շատ հատվածներում շինարարությանը զուգընթաց նաև ճանապարհի մի հատված բացել երթևեկության համար, ինչը դժվարություններ էր ստեղծում: Նաև հասկանում էինք, որ դա կբերի որակի հետ կապված խնդիրների, որովհետև նույն տեղում և՛ աշխատեն շինարարները, և՛ ճանապարհը երթևեկելի լինի, դժվար է որակն ապահովել։
Ճակատեն, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի ճանապարհների խնդրին անդրադառնալով՝ Գնել Սանոսյանը վստահեցրեց՝ Կապան-Ճակատեն ավելի քան 7 կմ երկարությամբ ճանապարհի հողային աշխատանքներն ամբողջովին արված են, ակտիվ երթևեկություն կա, առաջիկայում կսկսվեն նաև ասֆալտապատման աշխատանքները: Նախարարը նշեց, որ ճանապարհաշինական բարդությունները հիմնականում կապված են ռելիեֆի հետ. որոշ հատվածներ սողանքավտանգ են: Այլընտրանքային ճանապարհները կառուցելուն զուգահեռ` Սանոսյանը նաև Գորիս-Կապան Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհին անդրադարձավ:
Գնել Սանոսյան - Կան ճանապարհի վրա հատվածներ, որոնք վիճարկելի են՝ առնվազն հաշվի առնելով, որ եղած քարտեզներով կամ տեղադիրքով ադրբեջանական կողմը որոշակի տեղակայումներ է արել, բայց մենք նկատի ունենք, որ դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երևույթից հետո նոր կունենանք հստակ պատկերը, երբ սահմանին նիշեր կդրվեն, որից հետո պարզ կդառնա` ճանապարհի որ հատվածը ում տիրույթում է, և, կարծում եմ` դրանից հետո կարող ենք հստակ որոշումներ ունենալ, թե ճանապարհի որ մասը ով ինչպես պետք է օգտագործի կամ ինչ համատեղությամբ:
«Սահմանամերձ հատվածներում ճանապարհային ցանցը խտացնելու անհրաժեշտություն կա»,- անվտանգային խնդիրների մասին խոսելիս նկատեց Գնել Սանոսյանը և ընդգծեց՝ փորձում են խնդրի լուծում տալ:
Գնել Սանոսյան - Ոչ միայն Սյունիքում, մենք Հայաստանի ամբողջ հատվածում ճանապարհային ցանցի վերլուծություն ենք իրականացնում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ հատվածներին և հատուկ ուշադրություն դարձնելով, որ մենք չունենանք բնակավայրեր, որոնք ընդամենը մեկ ճանապարհ ունեն կամ մեկ ճանապարհի միջոցով են կարողանում, այսպես ասած, արտաքին աշխարհի հետ կապվել։
Սյունիքում այս պահին ավելի քան 20 միլիարդ դրամով 7 այլընտրանքային ճանապարհ է կառուցվում: Դրանց մեծ մասն ամբողջությամբ նոր է: