Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների նշանակումը մարտի 25-ից սկսած կլինի մրցութային կարգով: Մինչ այդ աշխատողներին ընտրելն ու նշանակելը տնօրենի լիազորությունն էր:
Թեհմինե Կարախանյան (Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ) - Դա շատ դեպքերում նույնիսկ տնօրենների մոտ առաջացրել է դժգոհություն, որովհետև, ըստ էության, համայնքային ենթակայության են մանկապարտեզները, և հատկապես փոքր բնակավայրերում այդ նշանակումները եղել են ուղղորդված:
Սա էլ, ըստ Կարախանյանի, շատ դեպքերում պատճառ է դարձել, որ նախակրթարաններ մտնեն ոլորտի ոչ լավագույն մասնագետները: Մինչդեռ մարդու կյանքում նախադպրոցական տարիքի կրթությունը էական նշանակություն ունի:
Իսկ մրցույթի արդարությունն ապահովող մեխանիզմներ նո՞ւյնպես մշակվել են, որովհետև մեր երկրում, օրինակ, նույն հանրակրթության ոլորտը հարուստ փորձ ունի, երբ մրցույթում հաղթում է նա, ով պետք է հաղթի:
Թեհմինե Կարախանյան - Եթե էդ փորձի վրա հիմնվենք, մենք պետք է որևէ բան չանենք, բայց կրթության լիազոր մարմնի առաքելությունը հենց այն է, որ օրենսդրական դաշտը ստեղծի, իսկ էս մրցույթի ընթացակարգով նախատեսված է, որ մրցույթին մասնակցելու են նաև, հանձնաժողովում ընդգրկվելու են նաև լիազոր մարմնի ներկայացուցիչներ և այլ ուսումնական հաստատություններից մանկավարժներ, որով նաև, այո, տվյալ հաստատության տնօրենի դերը փորձ է արվել հնարավորինս պակասեցնել:
Նոր կարգը կվերաբերի միայն թափուր հաստիքների համալրմանը. արդեն իսկ նշանակված աշխատողները մրցույթի մասնակցելու անհրաժեշտություն չեն ունենա:
Կարինե Բոստանջյան (Երևանի համար 5 մանկապարտեզի մեթոդիստ) - Կարծում ենք՝ արդյունավետ կլինի նոր կարգով աշխատանքը՝ ավելի որակյալ կադրերով համալրելու համակարգը:
Մանկապարտեզում այս պահին թափուր հաստիք չկա:
Կարինե Բոստանջյան - Բոլորն էլ մասնագետներ են մեր աշխատողները, ունենք ֆիզկուլտուրայի դաստիարակ, ունենք երաժշտության լավ մասնագետ: Դաստիարակները բոլորը բարձրագույն կրթությամբ են, համապատասխանում են իրենց մասնագիտությանը:
Միջինը 70 հազար դրամ վճարվող այս աշխատանքը գրավիչ դարձնելու համար նախատեսվում է հաջորդ տարվանից դպրոցների օրինակով տարակարգի մեխանիզմ ներդնել նաև նախնական կրթության ոլորտում. մանկավարժը հնարավորություն կունենա սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում տարակարգ, հետևաբար նաև աշխատավարձի հավելում ստանալ:
Դպրոցի օրինակով մեկ այլ փոփոխություն էլ կլինի: Մանկապարտեզի տնօրենի թեկնածուն նույնպես թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար նախ պետք է հավաստագիր ձեռք բերի: Այս պարագայում քննությունը միայն թեստավորման փուլով կլինի:
Թեհմինե Կարախանյան - Ամեն դեպքում, գարնան վերջ, կարծում եմ, կունենանք հավաստագրման առաջին փուլը, ինչը ևս այս պարագայում կտարածվի նոր առաջացած թափուր պաշտոնների նկատմամբ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան