ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման մարտի 11-ին այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝ ծաղիկներ խոնարհելու 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, հոգևորականներ, վարչության աշխատակիցներ, ինչպես նաև՝ քաղաքի բնակիչներ:
9,0 մագիտուդով երկրաշարժը Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին: Այն առաջացրել էր վիթխարի ցունամի, որի ալիքների բարձրությունը կազմել էր 10-15 մետր: Զոհված և անհետ կորած է համարվում ավելի քան 18 հազար մարդ:
Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Ճապոնիայում գրանցված երկրաշարժն իր բնութագրով նման էր Սպիտակի աղետին: Նա ընդգծել է, որ 1988-ին Ճապոնիայի կառավարությունն ու բնակչությունն առաջիններից էին, որ ձեռք մեկնեցին Հայաստանին՝ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:
«Առ այսօր Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են մեր կողքին: Տարբեր բարեգործական ծրագրերով օգնում են մեզ և ԱԻՆ-ի միջոցով կարողանում են ծրագրեր մշակել և օգտակար լինել մեր երկրին: Մենք համոզվեցինք, որ տարերային աղետների դեպքում ժողովուրդներն ու պետություններն ի զորու չեն միայնակ պայքարել»,- նշել է նախարար Ա. Փիլոյանը:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման էլ իր հերթին նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին Ճապոնիայի կողքին լինելու համար: Դեսպան Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել նաև գնդապետ Գաբրիելյանին, ով նախձեռնել էր խաչքարի կառուցումը:
«Այս խաչքարը երկու ժողվուրդների բարեկամության խորհրդանիշն է: 2011 թվականի երկրաշարժից հետո Հայաստանն ու Ճապոնիան սկսեցին սերտ համագործակցություն Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում: Չնայած աշխարհագրական դիրքով մեր երկրները միմյանցից շատ հեռու են, սակայն կան շատ նմանություններ՝ գեղեցիկ լեռներ, երկրաշարժեր: Հույս ունեմ, որ ԱՌՆ ոլորտում համագործակցությունը կշարունակի մնալ մեր հարաբերությունների հենասյունը»,- եզրափակել է դեսպանը: