Չնայած Ռուսաստանի կողմից ցորենի և մի շարք այլ հացահատիկների արտահանման սահմանափակումներին՝ Հայաստանը մոտակա ամիսներին պարենային ապրանքների խնդիր, առավել ևս՝ դեֆիցիտ չի ունենա: Անհրաժեշտ քանակի ցորեն Ռուսաստանից արդեն ներկրվել է, և պահուստային պաշարն ապահովված է, տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Արման Խոջոյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - 2022 թվականին արդեն իրականացրել ենք բավարար չափով ներկրումներ, 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբերին ներկրել ենք 100 հազար տոննա ցորեն: Դա առաջիկա ամիսներին մեր երկրի պահանջարկի բավարարման համար բավական է: Իհարկե, ներդրումները պետք է շարունակվեն:
Ներկրումները շարունակելու հնարավորություն կլինի, եթե նման անհրաժեշտություն առաջանա: Էկոնոմիկայի նախարարությունը դեռ չի ստացել ռուսական կողմի որոշումը, սակայն փոխնախարարը հասցրել է քննարկել իրավիճակը ռուս գործընկերների հետ: Ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված որոշման մեջ նշված է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի գնել հացահատիկի հավելյալ քանակ՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։
Ռուսաստանի այս որոշումը չի վնասի ԵԱՏՄ անդամ այլ երկրներին, սահմանափակումն այլ նպատակ է հետապնդում, նշում է Արման Խոջոյանը:
Արման Խոջոյան - Այն հիմնականում նպատակ ունի սահմանափակել ռեէքսպորտը: Այսինքն՝ այն երկրները, որոնք ներկրում են Ռուսաստանից, այլ երկրներ չարտահանեն:
Ռուսաստանի կողմից ԵԱՏՄ երկրներ արտահանումը ժամանակավորապես սահմանափակելու որոշումը վերաբերում է ցորենին, տարեկանին, գարուն, եգիպտացորենին, նաև շաքարի ու եղեգնաշաքարի հումքին: Սահմանափակումը կգործի մինչև այս տարվա օգոստոսի 31-ը:
Ռուսաստանը ցորենի արտադրության առումով ոչ միայն ինքնաբավ է, այլև խոշոր արտահանող է: Տարեկան Դաշնությունը ցորենի իր սեփական պահանջարկը գերազանցում է մոտ 50 տոկոսով:
Հայաստանն իր հերթին ցորեն ներկրող երկիր է: Տարեկան անհրաժեշտ 400 հազար տոննայից մեր երկրում արտադրվում է միայն մոտ 100 հազար տոննան: Մնացած 300 հազար տոննա ցորենի 99 տոկոսը Հայաստանը ստանում է Ռուսաստանից:
Տնտեսագետ Մերի Հովսեփյանը չի բացառում, որ ցորենի գինը միջազգային շուկայում կբարձրանա, թեև այս պահին զգալի տատանումներ չկան:
Մերի Հովսեփյան (տնտեսագետ) - Բորսայում մենք նկատեցինք, որ գների որոշակի աճ տեղի ունեցավ, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված` այս առաջին օրերին խուճապային տրամադրություններ էին, կտրուկ աճ տեղի ունեցավ, սակայն վերջին օրերին այն նվազել է:
Այս իրավիճակում Հայաստանը ձգտելու է ավելացնել ցորենի սեփական արտադրության ծավալները:
Ներկայում մեր երկրում ցորեն մշակում են մոտ 60 հազար հեկտարի վրա: Մեկ հեկտարի բերքատվությունը միջինում 2 տոննա է:
Արման Խոջոյան - Կառավարությունն իրականացնում է բարձրորակ սերմացուի սուբսիդավորում, խթանելու համար, որ ավելի շատ բերք ստանանք: Եթե միջինացնենք թվերը, կտեսնենք, որ հիմա 1.8-2 տոննա է, կարելի է այն հասցնել 4 տոննայի:
Նախարարությունում նաև հորդորում են չտրվել խուճապային տրամադրությունների և մեծ ծավալի ալյուրի կամ այլ ապրանքների գնումներ չանել` այն պարզ պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չի լինի: