Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի ոստիկանությունից հայտնել էին՝ այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան:
Խնապատ համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, ականներն ընկել են համայնքապատկան դաշտերում:
«Մոտավորապես ժ. 10:30-ին պայթյունները լսվել են՝ երկու հատ, մեկ րոպեի տարբերությամբ: Ենթադրում ենք, որ ականանետ է, ուղղակի տրամաչափը չենք կարող ասել, քանի որ թանձր մառախուղ է եղել, պայթյունի տեղը չենք հայտնաբերել:
Դրանք հերթական սադրանքներն են Ադրբեջանի կողմից, խուճապ են ուզում առաջացնել ժողովրդի մոտ: Առանձին խուճապ չկա գյուղում, ժողովուրդն իր բնականոն կյանքով ապրում է»,- ասել է Խնապատ համայնքի ղեկավարը: