ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Դոնբասում կամավորների ներգրավելու գաղափարին։ Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ: Նախագահի խոսքով՝ Մերձավոր Արևելքից կամավորներին, որոնք պատրաստ են աջակցել Ռուսաստանի Դաշնությանը, պետք է օգնել՝ հասնելու պատերազմական գոտի։ Նա այսպես է արձագանքել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, թե ահռելի թվով կամավորներ պատրաստ են օգնության հասնել Դոնեցկին և Լուգանսկին։ Ավելին, ըստ պաշտպանության նախարարության ղեկավարի՝ ստացվել է ավելի քան 16 հազար դիմում, մեծ մասը՝ Մերձավոր Արևելքի երկրներից: Պուտինը նաև աջակցել է Շոյգուի՝ Ուկրաինայում ռուս զինվորականների տրամադրության տակ հայտնված զենքերը Դոնեցկի և Լուգանսկի ուժերին փոխանցելու նախաձեռնությանը։
ԵՄ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՎԵՐՍԱԼՈՒՄ
Ֆրանսիական Վերսալում շարունակվում է Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: ԵՄ առաջնորդներն այսօր կքննարկեն, թե ինչպես ամրապնդել եվրոպական ինքնիշխանությունը, նվազեցնել կախվածությունը և մշակել աճի և ներդրումների նոր մոդել: Առաջնորդները գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում մտահոգություն են հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: «ԵՄ-ն սարսափած է խաղաղ բնակչության դեմ ռուսական բանակի գործողություններից, դա անպատիժ չի մնա»՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը: Շառլ Միշելը նաև տեղեկացրել է, որ Եվրոպական խորհուրդը «Եվրահանձնաժողովին խնդրել է ուսումնասիրել և գնահատել կառույցին Ուկրաինայի անդամակցության հարցը: Բելգիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցությունն այնքան մեծ է, որ կազդի նրա պատերազմելու կարողության վրա:
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻԱՆԱԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նա հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ենս Ստոլտենբերգը Թուրքիային կոչ է արել միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ որպես դաշինքի անդամ երկիր: Նրա խոսքով՝ պատժամիջոցների միջոցով հնարավոր է ստիպել Ռուսաստանին թանկ գին կճարել և այդ հարցում Թուրքիան կարող է առանցքային դերակատարում ունենալ: Ավելի վաղ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի պատրաստվում փակել օդային տարածքը Ռուսաստանի համար՝ ելնելով ռազմավարական և հումանիտար մի շարք հանգամանքներից: Նախատեսվում է Ստոլտենբերգի և Թուրքիայի նախագահի հանդիպումը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ
Անկարան ցանկանում է բաց պահել վստահության խողովակը։ Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը: Իբրահիմ Քալընը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Վոլոդիմիր Զելենսկին, հնարավոր է, որ մոտ ապագայում հանդիպեն: Իբրահիմ Քալընի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հեռախոսով խոսել է ռուս և ուկրաինացի գործընկերների հետ. Անկարան ձգտում է ակտիվ դեր խաղալ բանակցությունների կազմակերպման գործում։ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպմանն է անդրադարձել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի բացառվում հանդիպման հնարավորությունը, սակայն պատվիրակությունները և նախարարները նախապես պետք է համոզվեն, որ պետությունների ղեկավարները հանդիպում են հստակ արդյունքի համար։
2.5 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԼՔԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՆ. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, ևս 2 միլիոնը ներքին տեղահանվածներ են։ Փախստականների մեծ մասը՝ ավելի քան 1,5 միլիոն մարդ, ապաստանել է Լեհաստանում։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից էլ հայտնել են, որ փետրվարի 24-ից Ուկրաինան լքել է 1 միլիոն երեխա: