Հրամանատարը 44-օրյա պատերազմի ժամանակ լքել է մարտադաշտը, ինչի հետևանքով եղել են զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ. այս ենթադրյալ հանցագործության համար մեղադրվում է մայոր Իշխան Վահանյանը:
Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Պարզվել է, որ Իշխան Վահանյանը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ստանձնելով Հադրութի շրջանի Խուռհատ սարի մոտակայքում գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը՝ հակառակորդի անակնկալ հարձակման պարագայում իր անվտանգությունը վեր է դասել ենթակա զինծառայողների անվտանգությունից, անտեսել է ժամկետային զինծառայողների` նորակոչիկ լինելու հանգամանքը, ու պարտավոր լինելով հստակ կատարել իրեն տրված մարտական առաջադրանքները` մարտական գործողությունների ընթացքում նստել է իր ավտոմեքենան և ինքնակամ լքել է մարտադաշտը:
Առաջադրված մեղադրանքներում նախկին բարձրաստիճան զինվորականը իրեն մեղավոր չի ճանաչում: Պաշտպան Արման Թամրազյանը զավեշտ է որակում գումարտակի հրամանատարին մեղադրանք առաջադրելը, այն դեպքում, երբ իր պնդմամբ՝ ռազմաքաղաքական ղեկավարությանը քրեական պատասխանատվությունից ազատելու միտում կա:
Արման Թամրազյան (Իշխան Վահանյանի պաշտպան) - Կահավորված առաջնագիծ չի եղել, խրամատներ, պաշտպանական կառույցներ, ոչինչ չեն եղել, եղել են զինվորներ, ամեն մեկն` իր ինքնաձիգով բաց տեղանքում, որպեսզի դիմակայեն հակառակորդին, և հակառակորդին չեն կարողացել դիմակայել:
Թամրազյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ իր պաշտպանյալը վիրավորվելու պատճառով հեռացել է մարտադաշտից, Հադրութը գրավված է եղել, ինչի մասին վերադաս հրամանատարությունը տեղյակ չի պահել, ավելին, նրա պնդմամբ՝ զինվորները շրջափակման մեջ են եղել, մի մասն էլ մինչև Վահանյանի հեռանալը փախուստի է դիմել: Մինչդեռ զինվորական քննչական գլխավոր վարչությունից պնդում են, որ Վահանյանը թեթև վիրավորում է ստացել և այդ պատրվակով հեռացել է մարտի դաշտից, անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման.
«Վերջինիս գործողությունների պատճառով ծանր հետևանքներ են առաջացել, մասնավորապես` շուրջ 30 զինծառայողներ զոհվել են՝ մնալով առանց հրամանատարական ղեկավարման, մի մասը գերեվարվել, հետագայում գերությունից վերադարձել է»:
Հավելում է՝ Վահանյանը իր հետ տարել է նաև հրամանատարության հետ կապի միակ միջոցը, պնդում՝ գործով ձեռք են բերվել հանցանքը վկայող բազմաթիվ փաստական տվյալներ, որոնց հիման վրա էլ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան