Պիտակը բացակայում է, առկայության դեպքում էլ թերի է լրացված, պիտանիության ժամկետն անցել է, շատ դեպքերում դրանք ուղղակի անընթեռնելի են: Սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց քաղաքացին ամեն օր կարող է բախվել մեծ ու փոքր խանութներում առևտուր անելիս:
Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը հսկողություն իրականացրեց մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող առևտրի օբյեկտներում ու մի քանիսում խախտումներ արձանագրեց:
Էդուարդ Մարտիրոսյան (Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության առաջին կարգի մասնագետ) - Արտադրության ժամկետը կա, բայց պիտանիության ժամկետը նշած չէ:
Պատասխանատուները վստահեցնում են, որ ժամկետանց ապրանքը անուշադրության հետևանք է: Իսկ պիտանիության ժամկետին հետևողներ լինում են թե ոչ... Հարցումները ցույց տվեցին, որ քաղաքացիները ավելի ուշադիր են դարձել այս հարցում:
Ստուգումների ժամանակ մասնագետները հայտնաբերեցին ժամկետի պիտակը ակնհայտորեն պոկած ապրանք: Մյուս դեպքերում աշխատակիցներն ասում են՝ ուղղակի պետք է հավատալ իրենց խոսքին:
Պատահում են դեպքեր, երբ ժամկետը առաջին հայացքից օգտագործման համար պիտանի է թվում, բայց պահման պայմանները խախտելու դեպքում ժամկետանց է դառնում: Քաղաքի սուպերմարկետներից մեկում վերահսկող մարմինը այդպիսի դեպք ևս արձանագրեց:
Ոչ բարեխիղճ գործարք անելու համար տնտեսվարողը տուգանվում է 100-200 հազար դրամով և պարտավորվում է վաճառքից հանել ոչ պիտանի ապրանքները:
Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ) - Նախորդ տարի մշտադիտարկում իրականացվել է 500 խանութում, 200 ում կազմվել է արձանագրություն:
Սաֆարյանը նշում է՝ արձանագրությունները ցույց են տալիս, որ խախատումներ հիմնականում լինում են երշիկեղենի ու կաթնամթերքի բաժիններում: Բայց մշտական ու անսպասելի ստուգայցերը նկատելի արդյուքն են տալիս:
Հովիկ Սաֆարյան - Մի քանի օր առաջ խանութը տուգանվել է, այսօր արդեն դրական արդյունք այն է, որ չունենք ժամկետանց ապրանքներ:
Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը սպառողներին հորդորում է ուշադիր լինել սննդամթերք գնելիս և ժամկետանց ապրանք կամ այլ խախտում նկատելիս ահազանգել: